Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուրմունքը։ Հարավային ջինջ երկնքի կապտությունը, արևի տաք ճառագայթները, ծառերի նորաբողբոջ տերևները, ծիծեռնակների ուրախ ծլվլոցը մի ախորժելի ազդեցություն էին գործում մարդու հոգու վրա, սիրտը լցնում էին դուրեկան զգացմունքով։ Մարդ զգում էր ապրելու և անհուն, անսահման երջանկություն վայելելու մի անհաղթելի ցանկություն։

Մի սիրուն օր էր։ Ռուբենը առավոտյան առաջարկեց Մարիամին մինչև քաղաքից դուրս ոտով զբոսնելու։ Մարիամը իսկույն համաձայնվեց։ Սաթենիկին ևս խնդրեցին, ընկերացավ նրանց։ Ռուբենը առաջնորդեց նրանց նախ մի նեղ և հետ ընկած փողոց, որ ճանապարհի վրա էր։ Մի երկհարկանի տան առջև նա խնդրեց օրիորդներին սպասել, ինքը մտավ ներս։ Փոքր անցած նա դուրս եկավ, Բագրատյանի թևից բռնած, Մարիամը ակամա մի ուրախություն զգաց։

Նրանք ծանր քայլերով անցան մի քանի փողոց և հասան քաղաքի ծայրը։ Ոչ մեկը չէր զգում ճանապարհի երկարությունը, այնքան զբաղված էին խոսակցությամբ: Առանձին տրամադրության տակ էր երևում այդ օրը Բագրատյանը։ Մերթ նա պատմում էր, մերթ զվարճախոսում և մերթ մինչև անգամ կատակներ էր անում Ռուբենի հետ։ Եվ Մարիամը, որ սովոր էր նրան մռայլ տեսնել նույնիսկ գվարճախոսելիս, զարմացած նայում էր նրա պայծառ կերպարանքին։ Նա չէր զգում այլևս ճնշումն, նա վստահ և համարձակ էր այդ մարդու մոտ։

Նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել։ Բարձրանում էին ապառաժոտ զառիվայրով Բեթխայիմի մի լեռան լանջը։ Ուղին նեղ էր, աջ ու ձախ զարդարված նոր-նոր կանաչող թփերով։ Ռուբենը գնում էր Սաթենիկի հետ առաջից։ Բագրատյանը և Մարիամը նրանց հետևից բարձրանում էին դանդաղ քայլերով, մերթ ընդ մերթ կանգ առնելով և մտիկ անելով դեպի հետ։ Ստորև բացվել էր մի սիրուն տեսարան - ընդարձակ քաղաքը յուր խիտ ծառաստաններով, խայտաբղետ կտուրներով, յուր ուղղագիծ և ծուռումուռ