Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Օօ՜, նրանք ինչքա՜ն հեռացել են մեզանից, շտապենք հասնել, — ասաց Բագրատյանը, ցույց տալով դեպի առաջ, ուր հեռու թփերի հետևից երևում էին Սաթենիկի և Ռուբենի գլուխները։

Մարիամին վիրավորական չթվաց այդ տարօրինակ վարմունքը։ Սակայն նա ամաչեց և կարմրեց, զգալով, որ չափազանց է յուր հետաքրքրությունը, որ վայել չէ մանրամասն հարցերով հետամուտ լինել մի մարդու, որը չէ ուզում յուր մասին խոսել։

Երբ նրանք հասան, Սաթենիկը և Ռուբենը լուռ նստած էին ճանապարհի եզրին։ Նկատելի էր, որ վայրկյան առաջ ընդհատվել է նրանց մեջ մի ջերմ խոսակցություն։ Երկուսն էլ հուզված էին։ Ռուբենը ջղային աշխույժով կտրում էր կանաչ թփի փոքրիկ ճյուղը, մանրացնում և սփռում յուր առաջ։ Սաթենիկի շրթունքների վրա երևում էր մի անհանգիստ ժպիտ։ Նրա աչքերի անսովոր փայլը արտահայտում էր հոգեկան խռովություն։

— Մենք ձանձրացանք ձեզ սպասելուց, — ասաց նա, սպիտակ ճակատից հեռացնելով գանգուր և գեղեցիկ մազերը, որ դուրս էին սփռվել մեխակագույն գլխարկի տակից։

— Իսկ մենք շտապում էինք ձեզ հասնելու, — ասաց Մարիամը։

Երկու, ըստ երևույթին, աննշան դարձվածները, որ, սակայն, փոխադարձ պատասխան էին այն բնական կասկածին, որ միաժամանակ ծագեց երկու ընկերուհիների սրտերում...

Քառորդ ժամ հանգստանալուց հետո խումբը շարունակեց յուր ճանապարհը։ Հասնելով սարի գագաթը, որի մյուս կողմում, խոր ձորի մեջ, տարածված էր բուսաբանական այգին, նրանք դարձյալ կանգ առին։ Սաթենիկը առաջարկեց հետ դառնալ։

— Հոգնեցի՞ր,— հարցրեց Մարիամը։

— Ոչ, ես մի փոքր տկար եմ։

— Իսկ դու չե՞ս հոգնել, — հարցրեց Ռուբենը քրոջից։

— Ծաղրո՞ւմ ես ինձ, — արտասանեց Մարիամը, — ոչ, ես կարող եմ երեք այսքան էլ բարձրանալ: