յուր գնալու լուրը և պատվիրեց նրան ուրիշ պաշտոն գտնել։ Նա չկամեցավ մի այլ մարդու ծառայել։ Հալաբյանը զգացվեց, տվեց նրան մի թեթև ապահովություն։ Թաթոսը վճռեց հեռանալ յուր հայրենի գյուղաքաղաքը։
— Գնա՛, երկու կառք կանչիր,— պատվիրեց Հալաբյանը։
Ծառան, հառաչելով, դուրս եկավ։
Գարնանային մի հրաշալի առավոտ էր։ Հալաբյանի կառքը անցնում էր Գոլովինսկի պրոսպեկտով, դիմելով դեպի երկաթուղու կայարանը։ Նա լուռ լսում էր յուր հետ նստած Ախշարումյանի, այդ փորձառու ճանապարհորդի, վերջին խորհուրդները և յուր առաջ նստած մոսիո Վախվախյանի տխուր հառաչանքները։ Հետզհետե նրա աչքից հեռանում էին այն ծանոթ փողոցները և տները, որ այնքան ձանձրացրել էին նրան և որոնցից բաժանվելը այժմ մի տեսակ թախիծ էր պատճառում նրան։
Հանկարծ նրա դեմքը ժպտաց։ Նա հրամայեց կառապանին կառքը պահել, ցած իջավ։ Փողոցի մայթով դեմուդեմ գալիս էր Ռուբենը։ Հալաբյանը մոտեցավ նրան։ Ռուբենը զարմացած կանգ առավ։
— Մնացեք բարև, ես գնում եմ,— ասաց Հալաբյանը, գդակը վերցնելով և ձեռք մեկնելով։
— Ո՞ւր։
— Արտասահման։
— Բարի ճանապարհ,— մաղթեց Ռուբենը քաղաքավարի, սառն և անտարբեր։
Նա չհարցրեց, թե արդյոք ինչու է գնում, չհարցրեց անգամ, թե երբ կվերադառնա։ Այնինչ Հալաբյանը սպասում էր… ավելի ջերմ վերաբերության։ Դա եղավ վերջին հարվածը ամուրիի համար նա շուտով կառք նստեց. հրամայեց կառապանին շտապել։ Ժողովարանի ամառային շինության մոտով անցնելիս նա երեսը մի կողմ դարձրեց ատելությամբ… Այստեղ էր առաջին անգամ հղացել նրա մեջ այն զգացմունքը, որ այսօր այնպես դժբախտացրել էր նրան։