— Ասում են, վերջին ժամանակ նա սաստիկ հիվանդ է եղել, երևի գնում է բժշկվելու։
— Հիվանդ լինելը չեմ իմանում, բայց այսօր աչքիս մեռելի էր նմանվում… Գիտե՜ս, Մարո, ես այժմ հոգով խղճում եմ նրան, ճշմարիտ, վատ մարդ չէր…
Մարիամը ոչինչ չասաց, և ասելու ոչինչ չուներ։ Նա արտակարգ խռովության մեջ էր մի այնպիսի պատճառով, որից դուրս նույն րոպեին ոչ մի բան չէր հետաքրքրում նրան։ Դա Բագրատյանի ուղևորությունն էր, նրա խորհրդավոր նպատակը։ Ինչ֊ինչ պատճառներով այդ ուղևորությունը հետաձգվել էր մի քանի օրով։ Եվ այդ մի քանի օրվա ընթացքում Մարիամը նկատում էր Բագրատյանի մեջ մի տեսակ փոփոխություն։ Նա այժմ տխուր և մտախոհ էր ավելի, քան երբևէ տեսել էր նրան օրիորդը։ Օրական մի երկու անգամ նա գալիս էր Ռուբենի մոտ։ Գալիս էին երբեմն և՛ մի քանի անծանոթ երիտասարդներ։ Ոմանց բարբառից երևում էր, ռուսահայեր չեն։ Ամենի հետ Բագրատյանը խոսում էր մի տեսակ հրամայողական եղանակով։ Թվում էր, որ բոլորը հպատակվում են նրա, իբրև մի տեսակ գլխավորի, խոսքին։ Եվ ո՛րքան համապատասխանում էր նրա լուրջ կերպարանքին պարագլխի դերը։
Պատահում էր, որ Մարիամը ներկա էր լինում նրանց պայմանավոր խոսակցությանը յուր ընկերների հետ։ Շատ բան այդ խոսակցությունից նա չէր հասկանում և չէր էլ ուզում հասկանալ։ Բավական էր այնքանն էլ, որ այդ բոլոր խոսակցությունների նպատակը դիտեր։ Այդ էր գլխավոր և հետաքրքրական կետը, մանրամասները երկրորդական նշանակություն ունեին նրա աչքում։
Բագրատյանը գիտեր, որ այժմ գործի էությունը հայտնի է Մարիամին, ուստի այլևս առաջվա պես գաղտնապահ չէր և միշտ Ռուբենի հետ խոսում էր նրա ներկայությամբ։ Բայց մյուս կողմից Մարիամը նկատում էր, որ Բագրատյանը անձնապես խուսափում է նրա հետ առանձին մնալուց և գալիս է միայն այն ժամանակ, երբ Ռուբենը տանն է լինում։ Կանացի բնազդմամբ նա զգում էր, միևնույն ժամանակ