Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով դողում էին, նա հուզված էր երևում։ Վերջապես, նա նայեց Մարիամի կողմը, Մարիամն էլ գլուխը բարձրացրեց, և նրանց աչքերը հանդիպեցին միմյանց։ Ինչ-որ մի տարօրինակ երկյուղի զգացում զարթնեց օրիորդի սրտում, մի զգացում, որի նմանը նա երբեք չէր կրել։ Թվում էր նրան, որ այնտեղ, մի քանի քայլ հեռու, բազմած է մի գերբնական զորություն, որի դեմ պետք է նա մաքառեր, բայց տկար էր և անզոր էր զգում իրան։

— Ա՜հ, ի՜նչ ուշանում է,— արտասանեց Բագրատյանը, շտապով նայելով ժամացույցին։

— Իսկույն կգա։

Դարձյալ լռեցին, դարձյալ չէին նայում միմյանց վրա։ Այդ րոպեին Բագրատյանի ճակատը, հոնքերի մեջտեղում, մերթ սեղմվում էր, մերթ բացվում։ Երբեմն նա, կարծես, ցնցվում էր, գլուխը բարձրացնում և պատուհանի միջով նայում դեպի դուրս։ Ոչ, այդ հասարակ սպասող մարդու նայվածք չէր…

Եվ ինչպե՜ս գունատ էր թվում նրա դեմքը Մարիամին պատուհանից ներս տարածվող պայծառ լուսո ներքո։

— Ոչ, ես չեմ կարող համբերել…

Այս դարձվածը դուրս թռավ հանկարծ նրա բերանից, կարծես, ինքնըստինքյան։ Նա ոտքի կանգնեց։

— Ես հետո կգամ,— ասաց նա, գլուխ տվեց Մարիամին և շուտով դուրս եկավ։

Մարիամը մնաց ապշած, նրա հետևից նայելով։ Միևնույն ժամանակ, ինչ-որ մի հեռավոր, մութ, անորոշ միտք ծագեց նրա գլխում, հիշելով այն տարօրինակ հայացքը, որ ձգեց նրա վրա Բագրատյանը։ Այժմ և միայն այժմ այդ հայացքի մեջ պատկերացավ նրան մի խորին հոգեկան պատերազմ։ Ճի՞շտ է, որ այդ երիտասարդին տանջում էր մի նոր միտք։ Ի՞նչ է արդյոք այդ։ Ինչո՞ւ նա չմնաց, ինչո՞ւ այդպես շտապեց հեռանալ, ինչո՞ւ չկարողացավ «համբերել»…

Քառորդ ժամ չանցած նա կրկին երևեցավ Ռուբենի հետ։ Նրանք փակվեցին վերջինի սենյակում և մի ամբողջ ժամ այնտեղ էին։ Երբ դռները բացվեցին, Բագրատյանը յուր