Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչ։

Մարիամը թուլացած նստեց աթոռի վրա և ձեռները ամուր սեղմեց ճակատին։

— Հասկացա,— ասաց Ռուբենը,— դու նրան խղճում ես, այո, նա կզոհվի յուր հանդուգն ձեռնարկությանը:

Այդպես հասկացավ եղբայրը քրոջ այլայլման պատճառը, և քույրը չցրեց նրա մոլորությունը։

Հետևյալ առավոտ Մարիամը թախանձեց Ռուբենին, որ իրան տանի Բագրատյանի մոտ երեկոյան, երբ պետք է վերջինը ուղևորվեր։

— Ի՞նչ գործ ունես նրա մոտ,— հարցրեց Ռուբենը զարմացած։

— Ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել։

— Ոչ, չեմ կարող քեզ տանել։ Նա կբարկանա ինձ վրա։ Երեկ նա ակնարկեց, թե չէ ուզում կանանց երես տեսնվել։ Ինչո՞ւ — չեմ իմանում… Նա կանանց մեջ ուրիշ ծանոթներ էլ չունի, բացի քեզանից…

Բայց Մարիամը շարունակեց յուր թախանձանքը ամբողջ օրը: Բարկացավ, հանդիմանեց Ռուբենը, բայց վերջապես համաձայնեց։

Բագրատյանը բնակվում էր մի պառավ կնոջից վարձած մի ոչ այնքան ընդարձակ անշուք սենյակում։ Երեկոյան ինն ժամն էր, երբ Մարիամը Ռուբենի հետ եկավ նրա մոտ։ Առաջ ներս մտավ Ռուբենը, նրա հետևից Մարիամը։ Կանթեղի աղոտ լուսավորությունը մի քանի վայրկյան չթույլ տվեց տեսնել, թե ինչ է կատարվում սենյակում։ Ապա նրանց աչքերը ընտելացան կիսախավար մթնոլորտին, և պարզվեց հետևյալը։— Սենյակում հավաքված էին այն անծանոթ երիտասարդները, որ վերջին օրերը երբեմն երևում էին և' Ռուբենի մոտ։ Ամենը հագած էին ճանապարհային հագուստ,— երկար կոշիկներ, կարճ բաճկոններ։ Ամենի աչքերը կրակոտ էին, դեմքերը վառված, եռանդոտ։ Հատակի վրա սփռված էին զանազան փոքրիկ կապոցներ, սեղանի վրա դրած էին մի ատրճանակ և մի կարճ սուր։ Երիտասարդները, չնայելով իրանց հուզված դրությանը, խոսում էին առանց աղմուկի, գրեթե շշնջյունով։ Բագրատյանը յուր շորերն