Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես պատրաստ եմ արդեն,— լսվեց Բագրատյանի անհողդողդ ձայնը։

Յոթ երիտասարդներ միաժամանակ շտապեցին վերցնել նրա իրերը, միմյանց հրելով և միմյանց ձեռքից խլելով։

— Սպասեցե՛ք,— զոչեց Բագրատյանը,— համբուրվենք մեր ընկերական ուխտը վառ պահելու համար։

Տեսարանը սրտաշարժ էր։ Անկեղծ սրտով, մաքուր զգացմունքներով, յոթ երիտասարդները հերթով համբուրվում էին իրեն՝ Բագրատյանի հետ։ Եվ այդ անկեղծ ընկերական համբույրների մեջ զգացվում էին նրանց սրտի փափկությունը, գաղափարի վսեմությունը և հոգու անվեհերությունը։ Զգացված Մարիամը ջանք էր անում զսպելու յուր կանացի տկարությունը։ Սակայն իզուր։ Արցունքը սրտի ամենախորին թելերի շարժումից առաջացած մաքուր արցունքը դուրս ձգտեցին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերին։ Այդ այն վայրկյանն էր, երբ Բագրատյանը համբուրվում էր նրա եղբոր հետ…

— Մնացեք բարև,— հնչեց նրա ականջին այն ձայնը, որ հենց առաջին օրից այնպես ազդել էր նրա վրա։

Նա թաշկինակը հեռացրեց աչքերից։ Ինչպես ոգևորիչ հրեշտակ, նա այժմ կանգնած էր սենյակի մեջտեղում կարմրած և վառվռուն աչքերով, ոգևորված դեմքով։ Նրա շուրջը կանգնած էին յոթ երիտասարդները և հիացմունքով նայում էին։ Նրա աջ կողմում կանգնած էր Ռուբենը, սղմված, փոքրացած, կարծես, յուր ոչնչությունը զգալով մյուսների մոտ։ Իսկ դեմուդեմ կանգնած էր Բագրատյանը, զորավոր և հաղթական պարագլուխը, յուր հսկայական ուժեղ ձեռը առաջ տարածած։ Մարիամը յուր աջը դրեց նրա ափի մեջ և զգաց մի անասելի ցնցումն ամբողջ մարմնի մեջ։

— Լավ պաշտպանիր քրոջդ, նա հազվագյուտ սիրտ ունե,— լսեց Ռուբենը։

Ճի՞շտ է արդյոք, իրա՞վ Բագրատյանն էր այդ խոսքերի արտասանողը, թե՞ Մարիամին այդպես թվաց։ Նրա գլուխը պտտեց, աչքերը մթնեցին։ Երազի նման նրա առաջից հերթով