Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհանուրի կարծիքին և համառ կերպով պնդում էին, թե Մելիք-Բարսեղյանր «ճարպիկ շառլատան էր», ուրիշ ոչինչ։ Այդպիսիներն էին նրա նախկին ընկերներից ոմանք, որոնք մի առանձին դիրք և ձայն չունեին հասարակության խավերում, ուստի և նրանց խոսքը ազդեցություն չէր անում լսողների վրա։ Ինքը Մելիք-Բարսեղյանն էլ մի առանձին ուշադրություն չէր դարձնում այդպիսիների կարծիքին։ Սակայն հարմար դեպքում չէր մոռանում նրանց սիրտն ևս շահել, զգալով, որ, է՛հ, ինչևէ, դարձյալ ավելի լավ է նրանց ևս բարեկամ ունենալ, քան չարակամ։

Եվ քանի՜-քանիսն էին պարծենում նրա ծանոթությամբ, քանի՜-քանիսն էին պատիվ համարում նրա հետ բարեկամանալ։

— Ախ, ներիր, հոգյակս, երեկ չկարողացա քեզ մոտ զալ, դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանը հյուր էր։

— Ես պարել չեմ սիրում, բայց անցյալ օրը Մայկոյի երեկույթում դոկտոր Մելիք-Բարսեղյանը այնքան զոռեց, որ էլ չկարողացա ձեռքից ազատվել։

— Այսօր դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանն էր։

Պարծությամբ արտասանված այս դարձվածքներն էին պտտում տիկինների և օրիորդների մեջ։ Խնջույք, մեծարանք, երեկույթ, ամեն տեղ և ամեն կողմից նա հրավիրվում էր և հազիվ ժամանակ էր գտնում հնգից մեկի տունը գնալու։ Իսկ երբ գնում էր, ստեպ֊ստեպ նայում էր ժամացույցին և հանկարծ վեր թռչում տեղից, սովորաբար ուղղելով տանտիրուհուն միևնույն փքուն դարձվածքը։

— Արհեստիս ծանր պարտականությունը ստիպում է ինձ զրկվել ձեր հյուրասիրությունը վայելելու քաղցր զվարճությունից։ Մինչդեռ բժշկի գործերը այնպես հաջող էին ընթանում, նրա վրա աչք ունեցող մայրերի և հարսնացուների թիվն էլ օրեցօր ավելանում էր։ Բայց նա տակավին հետամուտ էր երկուսին — օրիորդ Վարինկա Ագամովային և այն վաճառականի աղջկանը, որի հետ ծանոթացել էր Ագամովների տանը։

Առաջինը նշանավոր ազգականների, երկրորդը օժիտի