Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

I

Քուռ գետի ձախակողմյան մասի մի ծուռ փողոցով անցնում էր մի երիտասարդ։ Օգոստոսի շոգ օրերից մեկն էր։ Արեգակը երկաթի պես տաքացրել էր փողոցի սալահատակը և տների պատերը։ Օդը այնքան ճնշող էր, որ անցորդը հազիվ կարողանում էր շունչ առնել։ Երբեմն թեքվելով ձեռնափայտի վրա, նա կանգ էր առնում ծառերի շվաքում և յուր հոգնած հայացքը ձգում տների լուսամուտներին կամ դռներին։ Չնայելով ամառային կիզիչ եղանակին, հագած էր ձմեռային սև սյուրտուկ, այն էլ կոճկած մինչև կոկորդը։ Իսկ աջ թևին ձգած էր մի մոխրագույն վերարկու, որի փեշերը հասնում էին գետնին։ Նա փոքրահասակ էր, նիհար, բայց կուրծքը կազմվածքի համեմատ լայն էր և առողջ։ Դեմքի գծերը խոշոր էին, ազդու և անմիջապես ուշադրություն գրավող։ Սև ու խիտ հոնքերի տակից փայլող խոշոր աչքերը վերին աստիճանի արտահայտիչ էին, խելացի և թափանցող։ Մի առանձին խրոխտություն էր տալիս նրա թխագույն դեմքին կարճլիկ նոսր մորուքը, մանավանդ արծվային քիթը, որի պնչերը հիշեցնում էին արաբական նժույգի ռունգներ:

Հասնելով ծուռ փողոցի ծայրին, նա դարձյալ կանգ առավ և նայեց աջ ու ձախ։ Այստեղ նրա հայացքն ընկավ մի տան պատին կպցրած թղթի վրա։ Նա մոտեցավ և կարդաց. «Այս տան վերին հարկում վարձով տրվում է մի մեծ, լուսավոր և մաքուր սենյակ»։