Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տանտիրուհին գնաց դուրս և քիչ անցած վերադարձավ մի թերթ թուղթ և մի մատիտ ձեռքին։

— Խնդրեմ ձեր անունը նշանակեք։

Երիտասարդը գրեց. «Արսեն Դիմաքսյան»։

Երեկոյան նա իրեղենները տեղափոխեց։ Սենյակը բավական խնամքով մաքրված էր և համեստ, բայց ճաշակով կահավորված։ Նա բաց արավ յուր ծրարները, կանթեղը վառեց, ամեն ինչ կարգի բերեց և, նստելով սեղանի քով, սկսեց խորհել անելիքի մասին։

Նա շատ բաներ ուներ անելու, շատ ծրագիրներ ուներ ապագայի մասին, շատ գործերի մեջ պիտի խառնվեր։ Իսկ առայժմ մի բան առաջինն էր — հարկավոր էր մի պաշտոն ունենալ։ Միայն երկու շաբաթ էր, որ նա վերադարձել էր արտասահմանից։ Գալուց մի քանի օր անցած՝ նա գրավոր խնդիր էր տվել Ներսեսյան դպրոց, որ իրան հանձնեն ընդհանուր պատմության և աշխարհագրության դասերը։ Մի քանի հոգաբարձուներից խոստում էր ստացել, սպասում էր հոգաբարձական նիստին:

Առայժմ նա գրպանում ուներ հորից ստացած վերջին գումարը, որով պետք է ապրեր մինչև պաշտոն ստանալը։ Նրա հայրը գավառում հայտնի կալվածատեր էր։ Նա առանց որևէ պաշտոնի էլ կարող էր կառավարվել, բայց հոր և որդու մեջ մտել էր մի սառնություն, որ հետզհետե ավելի ու ավելի անջատում էր նրանց։

Բանն այն է, որ Մարգար աղա Դիմաքսյանր որդուց պահանջել էր — գիմնազիոնը ավարտելուց հետո այլևս ուսումը չշարունակի։ Նա միայնակ էր, ուրիշ որդի չուներ և ուզում էր, որ Արսենն յուր օգնականը լինի՝ բազմաթիվ այգիները, վարելահողերը, խանութները և այլ կալվածները կառավարելում։ Որդին չէր համաձայնվել։ Կոշտ, ինքնակամ, համառ հորը չափազանց զայրացրել էր այդ ընդդիմությունը, և նա վերին աստիճանի սպառնողական մի նամակ էր ուղղել որդուն։ Արսենը դրական եղանակով պատասխանել էր, թե ինքը պետք է լինի այն, ինչ որ կամենում է և բնավ մտադիր չէ «հնացած սերնդի կամքին ստրկանալ»։ «Գալով