Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հասկանում էր այդ ժպիտների բուն իմաստը։ Գուշակում էր նա, որ ամեն ինչ վերջացած է, որ հաղթանակն արդեն Բարաթյանը տարել է։ Հաղթանա՞կ, միթե նա մրցե՞լ էր։ Ո՛չ, նրա կռիվը ներքին էր, հոգեկան, նրան գրգռում էր ոչ այնքան այն, որ Բարաթյանը գրավել էր այդ օրիորդին, որքան այն, որ ինքն անկարող է գրավել նույն օրիորդին, եթե ոչ մի հակառակորդ էլ չունենար։ Սեփական ապիկարության սոսկալի գիտակցությունն էր նրան վշտացնում։ Ահա նա նստած է ուրիշ կանանց բազմության մեջ։ Ո՞վ է նրա վրա ուշք դարձնում։— Գրեթե ոչ ոք։ Իսկ եթե կան նայողներ և հետաքրքրվողներ, լոկ նրա անվան համար են։ «Ո՞րն է Դիմաքսյանը. նա՞, ֆի՛, ինչ ողորմելի է», արդյոք կարո՞ղ է սրանից ավելի վիրավորական խոսք լինել մարդու մասին։

Գործողությունը բեմի վրա վերջացավ մի պառավ կնոջ ճիչով։ Թատրոնն աղմկեց։ Դիմաքսյանն ազատեց յուր փոքրիկ մարմինը բազկաթոռների նեղ միջանցքներից ու դուրս եկավ։ Բժիշկ Սալամբեկյանը բռնեց նրա թևից, և նրանք միասին բարձրացան թատրոնի վերին հարկը։ Օթյակների նեղ և աղեղնաձև նախագավիթը լիքն էր կանանցով։ Մի ինչ-որ նորեկ հայ հուսար, որ նմանում էր թևերը կտրած մորեխի, ընդհանուրի ուշադրության առարկան էր։ Կուրծքն ուռցրած, բեղերը ոլորելով, նա Մարսի շանթահար հայացքներ էր ձգում անցուդարձ անող կանանց վրա։

— Բարև, Արսեն, — գոչեց հուսարը՝ հանկարծ։

Դիմաքսյանը հազիվ կարողացավ ճանաչել յուր մանկական ընկերներից մեկին, որ հայտնի էր յուր գեղեցիկ դեմքով և չար բնավորությունով։ Քանի-քանի անգամ երեխա ժամանակ հուսարը ծաղրել էր նրան։ Պետք էր մի փոքր խոսել, ուստի նա ստիպվեց կանգ առնել։

— Ասա, խնդրեմ,— ընդհատեց հուսարը ինքն յուր խոսքը, — ո՞վ է այդ բրյունետկան:

Պատի տակ կանգնած էր տիկին Բախտամյանը մի ուրիշ տիկնոջ հետ և ստեպ֊ստեպ հովհարի հետևից նայում էր հուսարին։ Տեսնելով Դիմաքսյանին գեղեցիկ սպայի հետ նա ժպտաց և գլուխը շարժեց։

— Աա՛ զնաչիտ՝ դու ծանոթ ես,— գոչեց հուսարը.—