Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է գոնե մի քիչ, զնայե՞շ, էդակույու լեողկույու ուզդու նալոժիտ նա ստրաստի... խի՛ խի՛ խի՛։ Ինչո՞ւ ես գլուխդ քաշ գցում, ամաչո՛ւմ ես, էհե, գիտեմ ինչ ծառի պտուղ ես։ Քեզ ճանաչելը շատ հեշտ է, ներսս մտիկ կանեմ, քո հոգին կտեսնեմ պպզած։ Քո երակների մեջ վազում է քո հոր արյունը, ինչպես իմ երակների մեջ վազում է իմ հոր արյունը։ Մեր ցեղը հայտնի է յուր թուլություններով։ Մոլչա՛յտ, խոմ երեխա չես, գիտես, որ իզուր չեմ այս օրին հասել, գրեխի մոլոդոստի, բրատեց: Նո՛ւ, ասա՛ տեսնեմ, ո՞ւմ ես ուզում ճանկել։

Որդին, առանց մի բան թաքցնելու, հայտնեց սրտի գաղտնիքը հորը, ինչպես մի հավատարիմ ընկերոջ, որ կարող էր հարգել նրա զգացումները։

— Պյոտր Սոլոմոնիչի քրոջ աղջի՞կը — գոչեց անդամալույծը, — ճանաչում եմ, ճանաչում եմ, տեսել եմ։ Նիչևո, բրատեց, գու՜բա նե դո՛ւրա: Փող էլ ունի, իհարկե։

— Այդ չգիտեմ։

— Սուտ ես ասում, շելմա, դու իմ որդին չես լինիլ, եթե առանց փողի աղջիկ ուզես։ Այդ աղջիկը փող պետք է ունենա Պետրոսի մոտ, նրա հորն էլ ճանաչում էի։ Պետրոսը վատ մարդ չէ, չի խաբիլ քեզ, բայց զգույշ կաց։ Է՛է, ուրեմն ամեն բան վերջացրել ես, երբ ես ուզում պսակվե՞լ։

— Դեռ հայտնի չէ, պապա, դրությունս անորոշ է, այս պատճառով տատանվում եմ։

— Պուստոյե, ինչո՞ւ դրությունդ որոշ չէ։ Քույրեր չունես ամուսնացնելու, եղբայրդ էլ շուտով ուսումը կավարտի, դոխտորոմ մեդիցինի վիյդետ, բրատեց։ Իմ մասին մի մտածիլ, իմ պենսիան ինձ բավական է, մնացյալը ինչ որ ունեմ քոնն է ու եղբորդ։

— Բայց ես հասարակական դիրք չունեմ, — նկատեց որդին համեստաբար։

— Դուռռակ, ի՞նչ ասել է հասարակական դիրք: Պատի՞վ, չի՞ն, հարգա՞նք, դու միշտ կարող ես ձեռք բերել քո ուսումով։ Ժենի՛ս, բրատեց, ժենի՛ս, հետո ամեն բան հեշտ է։ Ամուսնացած մարդուն ավելի են հարգում, քան խալաստոյ շալապային: Մենք մեծ կապեր չունենք, քեզ հայտնի