Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսուցիչ է եղել, իսկ այժմ խանութպան է և գյուղացիներին հարստահարում է։ Նա բացարձակ հայտնեց, թե պետք է այդպիսիներին հալածել, և ինքը զզվանքով երես դարձրեց նրանից։

Շուտով նա դարձյալ սկսեց ձանձրանալ և մտադրվեց վերադառնալ Թիֆլիս։ Գավառական կյանքը թվում էր նրան միակերպ, տաղտկալի։ Այստեղ նրա խոսքը ընդունում էին անպայման, առանց քննելու և հակաճառելու։ Իսկ նա արդեն կարոտել էր հակառակորդների հետ մրցելուն։ Նրա հոգին զգում էր խոչընդոտների հետ անընդհատ մաքառելու պահանջ։ Հարվածել, հարված ստանալ և այնպես հաղթանակ վաստակել — ահա նրա ցանկացածը, նրա սրտի և մտքի կերակուրը։ Առանց կռվի նա զգում էր իրան առանց թևերի։ Նրա սիրտը կրում էր էլեկտրական զորության միայն մի տարրը յուր մեջ։ Հարկավոր էր երկրորդը, արտաքուստ եղած հակառակորդ տարրը, որ, շփվելով միմյանց, նրա հոգու մեջ առաջացնեին լույս և ջերմություն։

Նա ուղևորվեց Թիֆլիս։ Հայրը չտվեց նրան յուր օրհնանքը, որովհետև նա չխոնարհվեց նրա առջև, չթեքեց յուր գլուխը կամակոր ծնողի դիմաց։ Իսկ ծերունին այդ սպասում էր նրանից։ Նա պատրաստ էր ներել որդուն, եթե միայն վերջինը խոստովանվեր, որ սխալված է և միանգամ ընդմիշտ ընդուներ նրա հեղինակությունը։ Նա հուսով էր, որ վերջը այդպես էլ կլինի։ Բայց չարդարացավ այդ հույսը։ Հայրը բաժանվեց որդուց այնքան սառնասիրտ, որքան սառնասիրտ և անբարեհամբույր ընդունել էր նրան վեց ու կես տարի չտեսնելուց հետո։


XIV


Ամառվա ամենաշոգ օրերն էին, երբ Դիմաքսյանը հասավ Թիֆլիս։ Նախ և առաջ ուզեց տեսնել Մսերյանին, որին կարոտել էր ավելի, քան մի ուրիշ ընկերոջ։

Իդեալիստը յուր փոքրիկ սենյակի բաց լուսամուտի առջև դիլերային շապիկով նստած թեյ էր խմում, երբ Դիմաքսյանը ներս մտավ։ Նա ոտքի թռավ և ուրախ բացականչությունով յուր խոշոր թևերի մեջ առավ ընկերոջը։