Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա հակառակորդներն են — մեկը գերմանական Ինյաթյանը, մյուսը փաստաբան Վեքիլյանը։ Չարամիտնե՛ր, դուք նախանձում եք, որ խավար բազմությունը մի՞տ է դնում նրա լուսավոր գաղափարներին։

«Ի՞նչ եք ուզում ինձանից», գոռաց նա բարձրաձայն, ձեռը խփելով բարձին։

Ոչինչ չկա, ոչ ամբոխ, ոչ թշնամիներ, ոչինչ։ Նա մենակ է և գտնվում է դատարկ տարածության մեջ, օդի վրա քաշ ընկած։ Նա ոչ մի հենարան չունի, վախենում է անհուն բարձրությունից ընկնի և անհետանա այն խավար անդունդի մեջ, որ բացված է ներքևում, ուղիղ նրա ոտների տակ...

Մի ինչ-որ սպիտակահեր ծերունի տալիս է նրան մի բազկաթոռ։ Նա նստում է։ Այժմ նա ծանոթ ընտանիքի հյուրասենյակումն է։ Ինչքա՛ն հյուրեր կան։ Մեծ մասը կանայք են և ի՛նչ սիրուն, ի՛նչ գեղեցիկ, ի՛նչ երիտասարդ կանայք։ Նստած են խումբ-խումբ, ուրախ դեմքերով։ Ա՛հ, հարսանիք է, ո՞ւմը։ Սենյակը աղմկվում է հյուրերի զվարթ և բարձրաձայն խոսակցություններով ու քրքիջներով։ Մի երիտասարդ ջութակ է ածում, մի օրիորդ երդում է, մյուսը դաշնամուր է նվագում։ Իսկ այնտեղ սպիտակ հագուստով, գլուխը գեղեցիկ պսակով զարդարած, դեմքը մի նոսր և նուրբ շղարշով ծածկած, կանգնած է նա՛, Գայանեն...

«Բարև ձեզ», ասաց հիվանդը խռպոտ ձայնով։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Դիմաքսյանի վրա։ Նա նստած է սենյակի մի անկյունում, աննշմարելի այդ ուրախ հանդիսում, այդ զվարթ հասարակության մեջ։ Ի՛նչ լավ նվագում է այն օրիորդը, ինչ գեղեցիկ է Գայանեն, ինչ ուրախ է Բարաթյանը։

«Բրա՛վո, բրա՛վո», գոչեց դարձյալ հիվանդը։

Մթությո՛ւն, խավար, ոչինչ չկա, ձայներ են լսվում, տարօրինակ, սարսափելի ձայներ։ Բայց ահա դարձյալ հյուրասենյակը լուսավորեց, և ոչ ոք չի տեսնում Դիմաքսյանին։ Այսպես չի կարելի, կամ պետք է այստեղից դուրս գալ կամ պետք է ուշադրություն գրավել: Նա կահ-կարասի չէ, նա մի կոտրված աթոռ չէ, կամ մի անպետք լաթի կտոր,— նա Արսեն Դիմաքսյսանն է...