Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Նա թողել էր կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը: Դա նրա համար մի մեծ նյութական կորուստ չէր այժմ։ Հայրը տալիս էր նրա տնային ծախսերը։ Կնոջ կալվածներից ստացվող եկամուտը ծածկում էր նրա մյուս ծախսերը, և նա ապրում էր այնքան ապահով, որ փողի համար ծառայելու կարիք չուներ։ Բայց որպեսզի ձրիակեր որդու և պարազիտ ամուսնու հռչակ չվայելի, նա գնեց մի նշանավոր արդյունաբերական տան մի քանի բաժնետոմսեր։ Միևնույն ժամանակ, սուր աչքերով դիտում էր, թե որտեղ կարելի է մի արդյունավոր և քիչ աշխատություն պահանջող պաշտոն գտնել, ոչ այնքան փողի, որքան յուր դիրքը ավելի ամրացնելու համար։

Այսպես թե այնպես, այժմ նա վարում էր հանգիստ, բախտավոր և գործունյա քաղաքացու կյանք։ Առավոտը զարթնում էր տասը ժամին, աչքի էր անցկացնում տեղական լրագիրները։ Գայանեի հետ զվարճախոսելով թեյ էր խմում, հետո առանձնանում յուր սենյակը պարապվելու։ Նա գրում էր ֆինանսական-տնտեսական մի շարադրություն քաղաքային գործերի մասին։ Տասներկու ժամին նա նախաճաշում էր և տնից դուրս գալիս։ Ճաշում էր նա երեկոյան հինգ ժամին կամ ավելի ուշ — ֆրանսիական ձևով։ Այնուհետև մի փոքր հանգստանում էր։ Հետո եթե նիստ ուներ — գնում էր, եթե ոչ — Գայանեի հետ այցելում էր թատրոն կամ մի ուրիշ տեղ։

Երբեմն նա երեկոյան տնից դուրս էր գալիս մենակ և վերադառնում էր ուշ գիշերին։ Այդ ժամանակ Գայանեն անհանգիստ սպասում էր նրա վերադարձին, նստած լուսամուտի մոտ, ականջները լարած սպասելով կառքի ձայնին։ Ներս էր մտնում Բարաթյանր մերթ ուրախ ու զվարթ և մերթ մտազբաղ դեմքով։ Գայանեն նայում էր նրա աչքերին, միշտ աշխատելով այնտեղ կարդալ նրա հոգեկան տրամադրությունը։ Այս սովորույթը հաճախ բարկացնում էր Բարաթյանին, և նա մեղմիկ, բարեկամաբար հանդիմանում էր կնոջը։ Գայանեն գլուխը թեքում էր կրծքին և լռում։ Նրա հոգու խորքում կրկին զարթնել էր վաղուց մոռացված, վաղուց խեղդված չար կասկածը։ Նա զգում էր ակամա անհանգստություն։ Միմյանց հետևից նրա գլխում հղանում էին զանազան