Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա շնչասպառ մի քայլ առաջ դրեց։ Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Նա խոսք չէր գտնում սրտի կատաղությունը միանգամից արտահայտելու: Տիկինը, ուսերը թոթվելով, կրկնեց, թե ոչինչ և ոչինչ չէ հասկանում և շարունակեց կրծքի կոհակները կապել։ Բայց նա մասամբ կեղծում էր։ Եթե ամեն բան չէր հասկացել, գոնե գուշակում էր գործի էությունը։ Նա զգաց, որ կատակի ժամանակ չէ, որ, վերջապես, սկսվում է վաղուց սպասված փոթորիկը։ Միայն կամենում էր ժամանակ որսալ, ուշ ու միտքը ժողովել, պաշտպանվելու փաստեր և միջոցներ գտնել։ Այնինչ՝ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները սեղմած, մի քայլ ևս առաջ դրեց և խեղդված ձայնով գոռաց.

— Անամո՛թ, խաբեբա՛։

Տիկինը հետ ու հետ քաշվեց, նայեց նրան ոտից մինչև գլուխ, ցույց տալով միաժամանակ և՛ զարմանք, և՛ բարկություն, և՛ վիրավորանք, և՛ արհամարհանք։ Թվում էր, որ նա խոսք չի գտնում պատասխանելու ամուսնու չտեսնված, չլսված, կոշտ, կոպիտ և վայրենի խոսքերին։

Փոթորիկի առաջին պտույտը անցել էր։ Ամենածանր խոսքը արտասանվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները բաց արավ և շարունակեց մի քիչ հանդարտ եղանակով։ Նա ասաց, թե գիտե յուր կնոջ նմանների սովորությունը։ Այո՛, տիկինը կզարմանա կեղծ կերպով, կգոռա, լաց էլ կլինի, կերդվի էլ, բայց նրա համար միևնույնն է, ճշմարիտ է թե սուտ, անում է տիկինը թե չէ, բավական է, որ մարդիկ խոսում են, բավական է, որ Պյոտր Սոլոմոնիչը լսում է։

— Ախար ի՞նչ ես լսում, ի՞նչ։

— Չգիտես հաա՞, խեղճ, ողորմելի, անմեղ կնիկ։

— Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում, ասա էլի, ասա՛, որ ես էլ իմանամ։

— Ինձ համար միևնույնն է, ով որ էլ խոսի... Տեր աստված, տեր աստված, այն էլ... հաա՛, հիմա եմ հասկանում, թե ինչու սիրտս չէր կպչում, ինչու ատում էի...

Այստեղ տիկինը հասկացավ մնացյալը, որ դեռ նրա համար կասկածելի էր։ Բայց նա արդեն ուշքի էր եկել և իշխում էր իրան լիովին։ Այժմ եթե Պյոտր Սոլոմոնիչը