Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Եթե դու ուզում ես ծառայել մի գործի — առաջ ինքդ պարտավոր ես կուրորեն հավատալ այդ գործի ճշմարտությանը։ Եթե դու հույս չունես քո ուժերի վրա — մի՛ դուրս գալ ասպարեզ։ Եթե դու կամք չունես — մի՛ կարծիլ, թե մազի չափ կարող ես ուրիշի կամքի վրա ազդել»։

Այս էր նրա նշանաբանը, և այս էր նա քարոզում թե՛ գրչով և թե՛ բերանացի։ Եվ նրա խոսքերը ապարդյուն չէին անցնում։ Նրա հորդորանքով կազմվում էր մի ընկերություն, որի նպատակը պետք է լիներ, տարածել եվրոպական գիտության տարրերը ժողովրդի բոլոր խավերի մեջ։ Նա այժմ շրջապատված էր բավականաչափ բարեկամներով, որոնց նա միշտ, ինչպես հարատև խթան, դրդում էր գործել։ Ավելի մեծ խրախույս էր այդ բարեկամների համար նրա անձնական օրինակը։ Նա այդ տեսնում էր և զգում։ Ահա ինչու, չնայելով հոգնածությանը, նա գործում էր անդադար։ Նա արդեն վերջացրել էր անցյալ տարի սկսած յուր գրավոր այն մեծ աշխատությունը, որ պետք է պարզեր նրա գաղափարների ամբողջ աշխարհը։ Նա բաց չէր թողնում ոչ մի ընկերական ժողով, ոչ մի գործ, ուր հարկավոր էր նրա օգնությունը կամ խորհուրդը։

Դպրոցի շրջանավարտներին նա տվեց մի համառոտ ծրագիր, որով և նրանք պետք է գործեին իրանց շրջաններում, ուր որ լինեն նրանք — գյուղում թե քաղաքում և թե ինչ պաշտոն ևս ունենան — ուսուցչական թե քահանայական։ Նրա միտքը միշտ զբաղված էր լուրջ խնդիրներով։ Նրա գլուխը գործում էր անընդհատ, ինչպես մի լարված մեքենա։ Եվ այդ մեքենան երբեք չէր հոգնում, երբեք չէր ձանձրանում։ Հոգնում էին միայն այդ մարդու ջղերը, հոգնում էր նա ֆիզիկապես և ոչ բարոյապես։

Մի առավոտ նա յուր սովորական առանձնակի զբոսանքից տուն էր վերադառնում։ Միքայելյան ծառազարդ փողոցի վրա նա հանդիպեց Մսերյանին և բժիշկ Սալամբեկյանին։ Նրանք գալիս էին դեմուդեմ մի անծանոթ օրիորդի հետ։

— Լավ պատահեցինք,— գոչեց Մսերյանը բռնելով Դիմաքսյանի թևից,— կա՛ց։ Խնդրեմ ծանոթանաք. օրիորդ Կարինյան, Դիմաքսյան — իմ ամենաթանկագին ընկերը։