Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաջորդի երջանկությունը: Եթե մենք նրա ամեն քմահաճություններին սենտիմենտալ կերպով հպատակվենք, ոչինչ առաջադիմություն չենք կարող անել: Հիշեցեք, թե ձեր ձեռնարկությունը որքան օգուտ պետք է տա ապագա սերնդին, և դուք կտեսնեք, որ անարդար կլիններ այդ գեղեցիկ նպատակը զոհել պառավներին:

Բայց պառավը ընկուզենիի տակ հավերի հետ նիստ կազմած տատն էր: Իսկ մյուսը, օրիորդի հորաքույրը, եթե պառավ ածականը լսեր, առանց այլևայլի պետք է արտաքսեր Դիմաքսյանին: Ահա նա, այրի Մելանիա Բոլումբաշյանը, սանդուղքով վեր է բարձանում: Իսկապես նրա քառասնյակը վաղուց արդեն անցել է, բայց ո՞վ կարող է նրան երեսուներկու տարեկանից ավելի համարել:

Այրին համարձակ քայլերով մոտեցավ և թոթվեց Մսերյանի ձեռը: Նրանք արդեն ծանոթ էին:

Նա հագնված էր ժամանակի մոդայով: Ամեն բան նրա վրա եվրոպական էր, բացի թասակրավից: Նա գլխարկ չէր հագնում, քաջ համոզված լինելով, որ վիրական գլխակապը ավելի է սազ գալիս յուր կլորիկ կարմրախայտ երեսին: Նա խոսում էր ռուսերեն, արագ-արագ, արհամարհելով քերականական բոլոր կանոնները: Եվ խոսում էր մեծ մասամբ Մսերյանի հետ, որի երեսին շուտ-շուտ ժպտում էր, ծիծաղում: Զգալի էր, որ ողբացյալ այրին չէր հրաժարվիլ ամուսնության դառն լուծը երկրորդ անգամ քաղցրությամբ հանձն առնելուց, եթե Մսերյանը բարեհաճեր ուշադիր լինել դեպի նա: Սակայն իդեալիստը այրիի մասին այնքան էր մտածում, որքան և՛ յուր հագուստի մասին: Իսկ նրա հագուստը այսօր մե առանձին բանաստեղծական անկարգության մեջ էր: Մաշված և տրորված սև սյուրտուկի կուրծքը փայլում էր սափրավիրի սրոցի պես, իսկ ձմեռային գունատ վարտիքը վաղուց արդեն գրավել էր փողոցային հնավաճառների ուշադրությունը: Ավելի ողբալի էր նրա հին ձևի շապիկը, որի օձիքը ճմլվել էր և կպել նրա կոկորդին յախույի պես: Այնինչ՝ սև փողկապը թռել էր վզին և այնտեղ նստել երկչոտ ծիծեռնակի նման:

Նա այրիի բարբաջանքին պատասխանում էր «այո՛»,