Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն, կարելի է մենք էլ հավանենք, Մարիամի համար փեսացու ընտրենք ու շուտով պսակենք։

— Այդ նպատակով, տիկին, ներեցեք ասել, ես ոչ մի ընկերոջս չեմ բերիլ այստեղ,— պատասխանեց Ռուբենը հաստատ ձայնով։— Փեսացու ընտրելու իրավունքը Մարիամինն է, ում կհավանի, նրան կուզի։

— Հաա՞,— արտասանեց տիկինը, շրթունքը սեղմելով, աչքերը լայն բանալով և գլուխը բարձրացնելով,— իմացա, ուրեմն ես ու հորեղբայրդ ոչի՞նչ, ուրեմն մենք իրավունք չունե՞նք այդ գործի մեջ խառնվելու։

Ռուբենը զգաց յուր խոսքերի խստությունը տիկնոջ համար։ Նա շտապեց մեղմել նրանց ազդեցությունը։

— Ձեր իրավունքը իմնից մեծ է, տիկին։ Բայց առայժմ ամուսնանալու հերթը Նատալիայինն է. պզտիկ քույրը մեծ քրոջից առաջ ընկնել չի կարող։

— Նատալիայի մասին ես հոգս չունեմ,— պատասխանեց տիկինը դեռ բավական կծված ձայնով,— նրա համար փեսացուներ միշտ կան, որին հավանեմ, նրան կտամ։ Է՛հ, թողնենք, դու, երևի, անքուն ես մնացել երեկ գիշեր,— ավելացրեց նա, հանկարծ ոտքի կանգնելով,— գնա', հանգստացիր ու շորերդ փոխիր, թե չէ մի մարդ ներս կմտնի, ամոթ է այդ կոշիկներով երևալ:

Ռուբենը, որ ինքն արդեն կամենում էր շուտով հեռանալ տիկնոջից, շտապեց յուր սենյակը և, դռները ծածկելով, առանձնացավ։

Նա փոխեց ճանապարհային հագուստը և, նստելով սեղանի մոտ, անձնատուր եղավ յուր մտածումներին։

Ութ տարի էր, որ նա յուր քրոջ հետ հորեղբոր հովանավորության ներքո էին։ Այսինքն այն օրից, երբ մեռավ նրանց հայրը։ Այն ժամանակ քույր և եղբայր դեռ գիմնազիոնումն էին։ Հազիվ նրանց փափուկ սիրտը ամոքվել էր մոր մահից հետո հինգ տարի անցած, ճակատագիրը երկրորդ հարվածը տվեց տասնույոթ տարեկան պատանուն և տասնուչորս տարեկան աղջկան։

Ամբողջ գիշեր նրանք ականատես էին իրանց հոր կյանքի վերջին խավար ժամերին։ Մահճակալի մի կողմում կանգնած