բայց երբեք չէր կամենալ, որ յուր ընկերն էլ այդպես անի: Չէր կամենալ, մինչև անգամ, որ նա հուսահատվի մազաչափ։ Վաղուց, շատ վաղուց նրա գլխում կազմվել էր հասարակական գործիչի լիակատար իդեալը։ Ո՛վ գիտե, որքան նա բախտավոր մարդ կհամարեր իրան, եթե կարողանար տասներորդի չափ լինել այն, ինչ որ նրա կարծիքով պետք է լինի հասարակական գործիչը։ Բայց նա զգում էր, որ չի կարող և հենց ավելի ցավալին էր այդ, որ զգում էր։
— Իսկ դո՛ւ կարող ես լինել,— շարունակեց նա ոգևորված,— եթե միայն աշխատես։ Բայց դու, Արսեն, դեռ, ներիր, որ պարզն եմ ասում, դեռ շատ անեփ ես, անեփ, թե՛ ինչպես ընկերական մարդ և թե՛ ինչպես գործի մարդ։ Քանի-քանի անգամ ես տեսել եմ, որ ամեն մի չնչին բան քեզ հուսահատեցնում է կամ խրախուսում, ոգևորում։ Երբեք ես չեմ մոռանալ այն օրը, երբ մի ինչ-որ լրագրի հոդվածից, մի վայրիվերո գրվածքից քիչ էր մնում խելագարվեիր։ Կարծես, չգիտեիր, որ այդ թուղթ մրոտողների հարյուրից իննսունինը չարժեն ընկույզի կճեպին։ Չեմ մոռանալ և՛ այն օրը, երբ դու ոգևորված և հիացած պատմում էիր, թե ինչպես քեզ ընդունել են քո հայրենի քաղաքում։
Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, իդեալիստը շարունակեց, ձայնի տոնը փոխելով և ավելի սառն կերպով։ Նա ասաց, թե բուն հասարակական գործիչը այդպես չի լինում. նա հեռու է սնափառության վտանգավոր ախտից։ Նրա համար նշանակություն չունեն ո՛չ ծափահարությունները և ո՛չ հալածանքները։ Նա ոչ ոքից չի սպասում ո՛չ վարձատրություն, ո՛չ երկրպագություն։ Նա յուր վարձը և խրախույսը պտրում է յուր անձնավորության մեջ և այնտեղ է գտնում։ Նրա բարոյական սնունդը, նրա հոգեկան քաջության միակ աղբյուրը յուր սիրտն է, յուր ներքին աշխարհը։ Այնտեղ է նա որոնում գովասանքն էլ, պարսավանքն էլ։ Այնտեղ է նա զգում և՛ ծափահարության ձայնը, և՛ անաչառ, խիստ քննության հարվածները։ Դրսի աշխարհը այս դեպքում նրա համար գոյութուն չունե։
Նա դարձյալ լռեց, նայեց ընկերոջ երեսին և ապա ավելացրեց.