Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քո զենքը թող լինի ճշմարտությունը, եթե համոզված ես, որ քո կողմն է։

— Այդ կնշանակե երկաթե պատը եղունգներով փորել։

— Փորի՛ր, բայց մի հրաժարվիլ գործից։

— Ես չեմ հրաժարվիլ, բայց իրանք կհրաժարեցնեն։

— Խելոք մարդիկ նրանց վարմունքը կհամարեն բռնություն։

— Իսկ ես կասեմ,— մեջ մտավ բժիշկ Սալամբեկյանը — որ խելոք մարդիկ կծիծաղեն Արսենի վրա։ Ասա՛ խնդրեմ, քո կարծիքով, ովքե՞ր են այդ խելոք ասածներդ։ Չլինի՞ թե քեզ և ինձ ես համարում. երեսիդ խաչակնքիր ու մեղա ե՛կ: Այո՛, մեծապատիվ պարոն օպտիմիստ-իդեալիստ, խելոքը նա է, ով որ յուր բարեկամի ոտների տակ ձմերուկի կճեպ է դնում, որ նա մի լավ սարտոմորտալ անի։ Այսպես է անում ընկերը ընկերոջը, իսկ թշնամիները, Ինյաթյանները և նրանց նմանները, գիտե՞ս ինչ են անում։ Նրանք հասարակության մեջ տարածում են, թե Դիմաքսյանը կաշառված դավաճան է, հասկանո՞ւմ ես ինչի մասին է խոսքս...

— Ինյաթյա՞նը, իմ մասի՞ն, — գոչեց Դիմաքսյանը խեղդված ձայնով։

Բուռն կատաղությունը դուրս խլեց նրա կրծքից մի երկարատև դառն ծիծաղ։ Ձեռը խփելով ճակատին, նա ուժասպառ նստեց աթոռի վրա, կրկնելով.

— Ե՞ս դավաճան, ազգավաճա՞ռ...

Անցել էին մի քանի օրեր այդ խոսակցությունից։ Դիմաքսյանը տանը նստած խորհում էր յուր անելիքի մասին։ Տոն օր էր։ Հանկարծ նա լուսամուտի առջև, պատշգամբի վրա, տեսավ մի խումբ աշակերտներ, որ, միմյանց ուսերի վրայով գլուխները բարձրացրած, նայում էին դեպի ներս։ Նա դուրս եկավ և հարցրեց, ինչ են կամենում։

— Բողոք ունենք, պարոն տեսուչ։

— Մտե՛ք։

Միմյանց հետևից, ամաչելով ու քաշվելով, ներս մտան վեց պատանիներ տասնույոթից մինչև քսանուերկու տարեկան։ Բոլորին էլ Դիմաքսյանը առանձին-առանձին ճանաչում