Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համոզել, որ ահագին դավադրություն կա աշակերտների մեջ ուսուցիչների և հոգաբարձության դեմ։

Բարաթյանը շատ սառն էր պահում իրան։ Նա ընդդեմ էր ամեն մի ծայրահեղ միջոցի։ Նա ասում էր, թե «մտքերի խառնակության ժամանակ սառնասրտությունը ամենազորեղ զենքն է մարդու համար»։ Նա պնդում էր, որ ամեն ինչ պետք է գաղտնի կերպով անել, գործը չպիտի հռչակել, եթե ոչ «դպրոցի ճակատագիրը կարող է վտանգի ենթարկվել»: Սակայն Վեքիլյանը, Ամբակում Աֆանասևիչը և ուրիշները համոզել էին նախագահին, որ տեսչին հրավիրե ժողովի նիստին, ամենքի առաջ հարցուփորձ անե ու հետո հադիմանե։

«Ի՛նչ երևելի տեսարան, ի՜նչ էֆեկտ — մտածում էր Վեքիլյանը — տեսնել Դիմաքսյանին մեղադրյալի նստարանի վրա, ամոթահար և ճնշված յուր հանցանքի ծանրության տակ»։

Սկզբում Դիմաքսյանը զարմացած և շփոթված էր։ Նա լսել էր անհեթեթ լուրը, բայց խառն ժողովի մասին տեղեկություն չուներ։

Նրան վերին աստիճանի քաղաքավարի կերպով հրավիրեցին նստել ընդհանուր սեղանի շուրջը, որ ծածկված էր կանաչ մահուդով։ Բայց նա հասկացել էր բանի էությունը, գիտեր, որ ամենքը իրան մեղադրյալ են համարում։ Նա մի կես-արհամարհական և կես-բարկացկոտ հայացք ձգեց հանդիսավոր ժողովի վրա, և մի աթոռ վերցնելով, նստեց ժողովից հեռու, պատի տակ։

Նախագահը յուր դեմքին տալով լուրջ, բայց ներողամիտ արտահայտություն, մի համառոտ ճառով բացատրեց ժողովի նպատակը։

— Ոչ վասն պատժելո զմեղավորս, այլ վասն ամբառնալո զմեղս, — ավարտեց նա յուր ատենաբանությունը։

Դիմաքսյանը լուռ լսում էր։ Այժմ նա բոլորովին հանգիստ էր, այնպես, որպես երբեք չէր եղել այդ մարդկանց ներկայությամբ։ Նրան չէր վրդովեցնում մեղադրյալի վիճակը, որի մեջ դրել էին նրան։ Նա այդ բանի վրա մտքում ծիծաղում էր։ Նրան զայրացնում էր այդ հասարակական