— Այսպես։ Պարոն քարտուղար. «բողոքելու վերակացուների դեմ»։
Վեքիլյանը ինչպես իրավաբան-փաստաբան հարկ համարեց նախագահի խոսքը ընդհատել։ Նա մի քանի շեշտակի հարցեր տվեց մեղադրյալին։ Պատանին այնքան շփոթվեց, որ ամեն քայլում ինքը իրան հակասում էր։ Վերջապես, նա արտասվեց։ Թևից բռնելով՝ նրան դուրս տարեցին։
Երկրորդ պատգամավորը եղելությունը պատմեց ավելի անխռով։ Որքան նրան զանազան հարցերով նեղն էին գցում, միշտ կրկնում էր.
— Պարոն տեսուչը մեզ խրատում էր հանգիստ մնալ։
Այդ միջոցին տեսուչը այնպես էր նստել, որ քննվողները չգիտեին անգամ, թե նա ներկա է։
Նույնը կրկնեցին երրորդ, չորրորդ և հինգերորդ աշակերտները։
Վերջապես, հերթը հասավ գլխավոր պատգամավորին։ Մարաքյանը անվեհեր ներս եկավ, գլուխը բարձր պահած, հպարտ, ինչպես վայել էր օրվա հերոսին։ Երևում էր, որ նա արդեն ամեն պատիժ աչքի առաջ էր առել։ Ուստի իրան տված քննական հարցերին նա պատասխանում էր համարձակ, աներկյուղ և մինչև անգամ կոպիտ եղանակով։ Երբ հարցրին տեսչի մասին, նա դրականապես պատասխանեց.
— Եթե պարոն տեսուչը չլիներ, մենք անպատճառ պետք է ապստամբվեինք։
Ժողովը շշնջեց։ Վեքիլյանը փսփսաց Բարաթյանի ականջին. «Ամենքը կաշառված են»։
Այնինչ Մարաքյանը, դառնալով իրան ներս բերող վերակացվին, ավելացրեց։
— Շնորհակալ եղեք պարոն Դիմաքսյանից, որ մի ապտակով միայն ազատվեցիք, թե չէ ձեր ոսկորները ջարդուփշուր պետք է անեինք...
— Դո՛ւրս տարեք Բեհեդզբուղի զավակին,— գոչեց նախագահը համբերությունը հատած։