Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տիկնոջը և ասաց, թե համակրելով օրիորդի նպատակին, դժբախտաբար, չէ կարող տիկնոջ առաջարկությունը պաշտպանել։ Ամեն մարդ պետք է ծառայի այն գործին, որին ավելի է համակրում և այնպես ծառայի, ինչպես ինքն է ուզում։

Տիկնոջ դեմքի վրա երևաց դժգոհության նշան։ Նա մտքում չարացավ Դիմաքսյանի դեմ։ Բանն այն էր, որ նա յուր ընկերուհիների մոտ պարծեցել էր, թե մեծ ազդեցություն ունե օրիորդ Կարինյանի վրա և թե կարող է ինչ որ կամենա նրան անել տալ, որովհետև շատ երախտիք ունե նրա վրա։ Իսկ ճշմարտությունը այն էր, որ մինչև օրիորդի արտասահման գնալը տիկինը գրեթե ոչինչ հարաբերություն չէր ունեցել նրա հետ։ Այն ժամանակ նա չէր էլ ուզում ազգականուհի համարել մի օրիորդի, որ յուր աշխատանքով էր ապրում։

— Իհարկե,— դարձավ տիկինը օրիորդին, չկարողանալով զսպել ներքին մաղձը,— իմ խնդիրը ձեզ համար ոչինչ, քանի որ պարոն Դիմաքսյանը չի բարեհաճում քեզ խորհուրդ տալ...

Այս խոսքերի մեջ կար մի հետին իմաստ։ Դիմաքսյանը հասկացավ և մի անզուսպ ատելություն զգաց դեպի այդ կինը, որի յուրաքանչյուր խոսքից բուրում էր կեղծություն և սնափառություն։ Մանավանդ ատելի երևաց նրան տիկինը յուր հարուստ մետաքսյա հագուստով, որ բնավ չէր համապատասխանում նրա արվեստական լրջությանը։

— Խնդրեմ ծառային հրամայես մի կառք կանչել,— ասաց տիկինը օրիորդին, ոտքի կանգնելով,— ես ժամանակ չունեմ երկար խոսելու, մինչև կոկորդս գործերի մեջ թաղված եմ։ Ուրեմն մերժո՞ւմ ես. շատ լավ, մնաս բարով, չեմ մոռանալ:

Եվ արհամարհանքով ու գոռոզությամբ ողջունելով Դիմաքսյանին և Մսերյանին, շտապով դուրս գնաց։

— Շատ լավ արեցիք հանձն չառիք, — ասաց Դիմաքսյանը օրիորդին։

— Բայց իմ մերժելը ինձ էժան չի նստիլ:

— Ի՞նչպես։