Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարաթյանը նստած էր ներսից լուսավորված պատուհանի առջև, ուստի նկատելի էր, թե ինչպես մի ակնթարթում փոխվեց նրա դեմքը։

— Խե՛ղճ կին, նա տանջվում է։ Միթե դուք չե՞ք կարող ոչնչով օգնել նրան, ազատել մի խելագար ծերունու ձեռքից, ինչպես նա անվանում է այն ազնիվ մարդուն։

Երբեք Գայանեն այնչափ հանգիստ և, միևնույն ժամանակ, այնչափ սարսափելի չէր եղել յուր մարդու համար, որչափ այդ րոպեին։ Ինչպես բարոյականության անողոք դատավոր, կանգնած էր մեղապարտ ամուսնու առջև և տալիս էր յուր դատավճիռը։

Բարաթյանը միայն նայեց ծրարին, ամեն բան հասկացավ, դրեց գրպանը։ Հերքել անկարելի էր։ Հարկավոր էր միայն պաշտպանվել։ Նա հազիվ կարողացավ ուշքի գալ, հնարել արդարանալու մի միջոց, մի խոսք։ Սակայն Գայանեն չթողեց նրան բերան բաց անել։ Դրական և անդիմադրելի եղանակով նա ասաց.

— Ո՛չ մի խոսք...

Հետո, մի ծանր հառաչանք արձակելով տառապող սրտի խորքից, ավելացրեց.

— Մեր մեջ այսուհետև ամեն կապ պետք է կտրված համարել։

Նա գլուխը բարձր պահած, գունատ, ինչպես դիակ, զզվանքով և ատելությամբ լի մի հայացք ձգեց ամուսնու վրա և ծանր քայլերով անցավ յուր սենյակը։

Բարաթյանը ժամանակ չունեցավ մի բառ անգամ արտասանելու։ Բայց երբ Գայանեն անհետացավ, նա ձեռները հենեց ծնկներին, նայեց հատակին և, գլուխը շարժելով, արտասանեց.

«Կոմեդիան դրամա է դառնում...»։



XVI


Ամառանոցը գտնվում էր Կովկասյան երկրի մի գեղեցիկ վայրում։ Դա սքանչելի Բորժոմն էր, շրջապատված բարձր, անտառազարդ լեռներով և ուղղահայաց, անմատչելի ժայռերով։