Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բուռն զգացմանը։ Նա գուշակում էր, որ մի բան կա օրիորդ Կարինյանի և բժշկի միջև և, եթե լիներ դրական մարդ, կարող էր հետ կանգնել յուր սնոտի հույսերից։ Բայց մի անհաղթելի ուժ մղեց նրան դեպի առաջ և բաց արեց նրա ոտների տակ մի վիհ։ Երանի գոնե մի օր նա լիներ Վեքիլյան կամ ունենար նրա քարոզած զգուշությունը և խոհեմությունը։ Այն ժամանակ նա այսօրվա «հիմարությունը» չէր անիլ։ Կտանջվեր, բայց առանց ամոթի, առանց խղճի խայթոցի։

— Եվ գիտե՞ս ինչն է ինձ տանջողը։ Կարծում ես նրա մերժե՞լը։ Ո՛չ. այդ բանին ես արդեն մի քիչ նախապատրաստված էի, երբ սկսեցի բացարձակ խոսել։ Ինձ վշտացնում է այն, որ նա խելոք վարվեց, իսկ ես հիմար։ Եթե տեսնեիր, ինչպես նա աշխատում էր ինձ չվշտացնել։ Ես պարզում էի նրան իմ սիրտը, նա լսում էր հրեշտակի համբերությունով։ Բայց խոսքս չվերջացրած, նրա աչքերի մեջ կարդացի իմ պատասխանը։ Նա մերժեց, բայց ինչպե՞ս, կարծես, նա մեղավոր էր իմ առջև և ուզում էր արդարանալ։ Է՛հ, ինչ երկարացնեմ։ Նա բժշկին սկսել է համակրել դեռ ինձ հետ ծանոթանալուց առաջ։ Նրանք նամակագրություն են ունեցել միմյանց հետ, երբ օրիորդը արտասահմանումն էր։

Նա ոտքի կանգնեց։ Այդ րոպեին նա այնքան ճնշված, այնքան վշտալի էր, որ Դիմաքսյանը պատրաստ էր ամեն բան անել, միայն թե այդպես չտեսներ նրան։ Նա մոռացել էր սեփական վիշտը և մտքում որոնում էր խոսքեր, որոնցով հնար լիներ մխիթարել ընկերոջը։ Բայց այդ դյուրին չէր։ Ի՞նչ խոսքեր կարող էին սփոփել մի սիրտ, որ երեսունութ տարի կույս էր մնացել, առաջին անգամ համակվել էր սիրո զգացումով, և այդպես անհաջող։

Մի ժամանակ նույն հուսահատությամբ Դիմաքսյանը պարզում էր յուր սիրտը Մսերյանի մոտ, և սա կարողանում էր նրան մխիթարել։ Իսկ այժմ իդեալիստի աչքերի մեջ երևացող թացությունն անգամ չթելադրեց նրան մի մխիթարական դարձված, մի խոսք։ Ճիշտ որ այդ չափահաս մարդը, որի աչքերը գուցե կյանքի ամենադժվար րոպեներում արցունք չէին տեսել, այժմ, կարծես, ուզում էր արտասվել։ Բայց ո՛չ, նա երեսը հետ դարձրեց, զսպեց իրան և