Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Վատ երազ տեսա։

Եվ իրավ ծերունին հալածվում էր չար երազներից։ Աննան լսում էր նրա քնած ժամանակ արտասանած հատ-հատ անկապ բառերը, «աչքովս... ինքս... այստեղ...», «մարդասպաններ», «ծածկեցեք գերեզմանս», «տեսա՛... տեսա...», «կխեղդեմ», «շանսատակ կանեմ» և այլն, և այլն։

Այս անորոշ բացականչությունները սարսափ էին ազդում Աննայի վրա, որովհետև հաճախ նա շատ որոշ լսում էր մի անուն, որ չարիք էր սպառնում նրան։ Նա ամբողջ մարմնով դողում էր և մի անգամ զարթնելուց հետո այլևս չէր կարողանում քնել մինչև լույս։ Նա փորձեց մի գիշեր անցկացնել ուրիշ սենյակում, հեռու մնալ ծերունու ահեղ շնչից, որ կարծես մեռելություն էր սփռում նրա ամուսնական առագաստի վրա։ Բայց Պյոտր Սոլոմոնիչը մի այնպիսի ընդդիմություն ցույց տվեց, այնպես գոռաց, որ Աննան բարվոք համարեց լռել և մշտապես թողնել առանձնանալու միտքը։

Մի անգամ ծերունին հանկարծ բռնեց կնոջ ձեռքից, քաշեց սենյակի մի անկյունը և կատաղած աչքերով նայեց նրա երեսին։ Աննան կարծեց, որ նա արդեն ցնդվել է։ Նրան թվաց, թե ծերունին ուզում է ծեծել իրան, աղաղակելով փախավ յուր սենյակը և դռները փակեց։ Պյոտր Սոլոմոնիչը վազեց նրա հետևից, ուզեց դռները կոտրել և ներս մտնել։ Բայց ուշքի եկավ, ձեռը խփեց ճակատին և, աթոռի վրա ընկղմվելով, խուլ ձայնով արտասանեց.

«Անեծք չար սադայելին»...

Մարդ ու կնոջ այդ սարսափելի հարաբերությունը, հարկավ, աննկատելի չէր կարող մնալ ո՛չ նրանց զավակներից և ո՛չ մանավանդ Օվսաննայից։

Մանկահասակ Լիզոչկան և Էլեչկան ապշած նայում էին իրանց հոր աչքերին, երբ նա կատաղում էր, հետո հարցական հայացք էին ձգում իրանց մոր երեսին։ Զգում էին նրանք, որ տանը մի վատ բան էր կատարվում, բայց թե ինչ — չգիտեին։ Եվ այդ վատ բանը ոչ թե միայն վշտացնում էր իրանց մատաղ զգայուն սրտերը, այլև ազդում էր փափուկ բնավորության վրա։

Իրանց կասկածները և երկյուղը նրանք չէին հայտնում