Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անշնչացած ծերունուն սանդուղքով վեր բարձրացնեն։ Նրան տարան ներս, նստեցրին բազկաթոռի վրա։

Նա մի անմիտ, ապշած հայացք ձգեց յուր շուրջը։ Նրա երեսի մկանունքները, կարծես, քարացել էին, աչքերի բիբերը անշարժ էին, թեթև կերպով դողում էին նրա աջ ոտը և աջ ձեռը, իսկ մարմնի մյուս կեսը հանգիստ էր...

Մյուս սենյակից ներս վազեց Աննան։ Ծերունին նայեց նրա երեսին քարացած հայացքով։ Պարզ էր, որ նա մարդ չէր ճանաչում։

— Բժիշկ, բժի՛շկ կանչեցեք, — աղաղակեց Օվսաննան բարձրաձայն և, չոքելով ծերունու մոտ, սկսեց հեկեկալ...



II


Օգոստոսի վերջին Դիմաքսյանն ամառանոցից ուղղակի գնաց յուր ծննդավայրը։ Նոր կառավարիչը նրա կալվածները բավական կարգի էր բերել և եկամուտներն ավելացրել։ Գյուղացիներն այժմ չէին ճնշվում կալվածատիրոջ ձեռքում։ Նրանք գոհ էին իրանց վիճակից։ Դիմաքսյանը թեթև կերպով աչքի անցկացրեց Հաբիգյանի հաշիվները և շնորհակալություն հայտնեց նրան։ Նա բնավ տրամադիր չէր այս անգամ նյութականով զբաղվելու, այս պատճառով մերժեց կառավարչի առաջարկությունը՝ անձամբ տեսնել կալվածները։ Նա միայն վերցրեց ամբողջ տարվա մնացած եկամուտը և, տասն օր յուր քույրերի հետ անցկացնելուց հետո, շտապեց վերադառնալ Թիիֆլիս, դեպի ուր մղում էր նրան մի անհաղթելի ուժ։ Նա ուզում էր մաքառել ուժի դեմ, բայց իզուր. ոչ մի սառն դատողություն չէր դիմանում նրա սրտի կրակին...

Այդ միջոցին Մսերյանը Թիֆլիսումն էր, ուր նա վերադարձել էր ամառանոցից ուղղակի և բնակվում էր յուր նախկին սենյակում։ Իդեալիստը թեև դեռ չէր կարողանում ընտելանալ յուր վշտին, բայց առաջվա հուսահատությունը տեղի էր տվել թախծալի հիասթափման։ Այժմ քաղաքային կյանքը նրան զզվելի էր թվում։ Նա ասում էր, թե մտադիր է գյուղ գնալ և այնտեղ յուր «վշտերը մոռացության տալ, ժողովրդի հսկայական վշտերը աչքով տեսնելով»։ Ոչ, նա չի ուզում