— Գիտես, ինձ համար, աշխարհիս երեսին ամենադժվարը մարդկանցից մի բան խնդրելն է։ Ամեն երեկո վճռում եմ մյուս օրը դիմել թեմական տեսչին, բայց երբ օրը լուսանում է — իմ վճիռն էլ ոչնչանում է։ Ես տեսնում եմ, որ գործնականի համար բոլորովին անպետքացել եմ։ Գրքերը սպանեցին իմ եռանդը և ինձ փալաս դարձրին։
Այս խոսքերը նա ասաց Դիմաքսյանը ներս մտնելիս, դեռ նրա բարևին չպատասխանած։ Նկատելի էր, որ նա ամաչում է յուր թուլության համար և նախքան ձեր ընկերից հանդիմանություն լսելը՝ ինքն էր հանդիմանում իրան։
Դիմաքսյանը իսկույն խոսքը փոխեց, որով մեծ հաճություն պատճառեց Մսերյանին։ Նա եկել էր ուրիշ բանի համար և այժմ ոչինչ նրան չէր հետաքրքրում բացի այդ բանից։
— Դու ինչո՞ւ ինձ չես շնորհավորում,— ասաց նա հանկարծ, մի քանի րոպե կողմնակի բանի մասին խոսվելուց հետո։
— Ի՞նչը շնորհավորեմ։
— Իմ խելագարությունը, ես խելագար եմ...
Այս ասելով նա հավատացած էր, որ Մսերյանը կծիծաղի, կսկսի կատակ անել։ Մինչդեռ իդեալիստը ամենալուրջ եղանակով արտասանեց.
— Զարմանում եմ, որ դու նոր ես իմանում քո խելագար լինելը, դա հին բան է։
— Ի՞նչպես...
— Իհարկե, խելագար ես, կատարյալ խելագար...
Դիմաքսյանը գունատվեց և ապշած մտիկ տվեց ընկերոջ երեսին։
— Եվ դո՞ւ Բրուտոս,— գոչեց նա իբրև թե ծիծաղելով, բայց իսկապես ավելի վրդովված։
— Ի՞նչ կա, որ զարմանում ես, մի՞թե խելքը գլխին մարդը...
Դիմաքսյանը մի թեթև, բայց տարօրինակ ճիչ արձակեց և մի շարժումով ստիպեց նրան լռել: Մսերյանը զարմացած նայում էր նրան։ Նա դեռ չգիտեր ինչ անսովոր հոգեկան տրամադրության մեջ է գտնվում Դիմաքսյանը։ Խելագար ասելով, նա հասկանում էր հասարակական մտավոր մակերևույթից