Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կեցցե՛ս Արսեն, որ այդ օրին հասար, խելագար անունը վաստակեցիր հիմարների և ապուշների շրջանում։ Այսուհետև դու կարող ես պարծենալ, խելագար ես, որովհետև խելք ունիս...

Նա կանգ առավ։ Դիմաքսյանը, աոաջին անգամ, կասկածը յուր սրտում բուն դնելուց հետո, զգաց հոգեկան թեթևություն։ Ընկերոջ անարվեստ վրդովմունքը և անկեղծ ծիծաղը նրան մխիթարեցին։ Նա սթափվեց, նա սկսեց սառնսորեն մտածել յուր մասին և զգաց, որ իրավ ինքը շատ թույլ է եղել, տեղ տալով յուր սրտում մի անմիտ կասկածի։

— Բայց կատակը մի կողմ,— շարունակեց Մսերյանը, նստելով նրա դեմ,— դա շատ ցավալի բան է։ Ցավալի է ոչ թե այն, որ այդ խեղկատակները հիմար լուրեր են տարածում քո մասին, ցավալի է, որ մեր բոլոր գործերը այդ մարդկանց ձեռքումն են։ Իսկ դու մենակ ես, կարող եմ ասել բոլորովի՛ն մենակ։

— Ես մենակ չեմ, ես ունեմ երկու հավատարիմ ընկերներ և բարեկամներ, քեզ և...

— Եվ բժիշկ Սալամբեկյանին, ինչո՞ւ չես ասում, կարծում ես, ինձ կվիրավորե՞ս։ Ո՛չ, դու էլի ինձ լավ չես ճանաչում մինչև հիմա։ Ես նրա դեմ այժմ մազու չափ ոխ չունիմ։ Բայց թողնենք այդ, ես ուրիշ բան էի ուզում ասել: Գիտե՞ս, Արսեն, ես շատ եմ մտածել մեր հասարակական կյանքի մասին, գործելու ընդունակ չեմ, բայց մտածել գիտեմ։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մեր երիտասարդությունը բարոյական հաստատ սկզբունք չունե։

Դիմաքսյանը ոչինչ նկատողություն չարեց։ Նա միայն գլուխը կրծքին թեքեց և աչքերը հառեց սենյակի հատակին։ Այնինչ Մսերյանը կանգ առավ, միմյանց հետևից մի քանի անգամ ուժգնաբար ծխեց, բաց թողնելով գլխից վեր ծխի թանձր քուլաներ։ Հանկարծ նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, և ձեռը խփելով յուր ծնկին, արագությամբ ոտքի կանգնեց, գոչելով.

— Բայց այնուամենայնիվ կգա մի օր և մենք կունենանք երիտասարդություն, մաքուր և հաստատ բարոյական սկզբունքների տեր երիտասարդություն։