դեմքը, որի վրա պարզ նկարված են քո սրտի բոլոր ելևէջները։ Տեսնում եմ քեզ, տեսնում եմ, գլուխդ ուսիդ ծռած մտիկ ես անում որդուդ, ուզում ես գուշակել իմ միտքը։ Ի՞նչ, միթե դու ա՞յժմ էլ զգում ես հավիտենականության մեջ... Ցնո՞րք, ցնորք...»։
Եվ Դիմաքսյանի հայացքը կենտրոնացել էր անորոշ տարածության մեջ, և այդ րոպեին կենդանացել էին նրա աչքի առջև ամբողջ մանկությունն ու պատանեկությունը, և այդ հեռու, վաղուց մոռացված անցյալի մեջ նշմարում էր յուր մոր պատկերը։
Նրա աչքերը պղտորվեցին և գրեթե ոչինչ չէր տեսնում, բացի այդ պատկերից, որ նրա աչքի առջև կենդանացել էր գրգռված երևակայության զորությամբ։ Նա զգաց յուր ուղեղի մեջ մի տարօրինակ ցավ։ Նա բռնեց երկու ձեռներով գլուխը և մոտեցավ անկողնակալին։ Այստեղ նրա մտքով անցավ մի դեպք, որ վաղուց կարդացել էր եվրոպական լրագիրներում։ Շվեյցարիայի մի քաղաքում կյանքից ձանձրացած մի մարդ վճռել էր ինքնասպանություն գործել։ Երեք անգամ նա փորձել էր վերջ տալ յուր կյանքին, և ամեն անգամ փորձը անհաջող էր անցել: Երկու անգամ նա ատրճանակ էր արձակել և միայն թեթև վերք էր ստացել։ Նա ձգել էր իրան մի լճի մեջ — նավավարները ազատել էին։ Վերջապես, նա փակվել էր յուր սենյակում, դռները կողպել էր և թույն ընդունել:
«Ո՛չ, ես այդպես չեմ անիլ»,— ասաց նա, ձեռը մեկնեց բարձի տակ և այնտեղից հանեց մի փոքրիկ, պսպղուն և ծանր առարկա։
Նրա դեմքի կնճիռները բացվեցին։ Ահա որտեղ է նրա փրկությունը, ահա ինչու գրկաբաց սպասում է նրան յուր մայրը։ Աներկյուղ ձեռի մի հաջող հարված, և նա անցնելով Ռուբիկոնը, կհասնի անզգայության աշխարհը, ուր չկա ո՛չ տանջանք, ո՛չ երջանկության փափագ, ո՛չ նախանձ, ո՛չ փառասիրություն, ոչինչ, ոչինչ... Ինչո՞ւ երկար մտածել, միթե ամենքի վերջը ա՞յդ չէ, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև ամենահետին անբախտը։ Տանջվել, հալածվել, չարչարվել և ինչո՞ւ, միմիայն մի անու՞ն թողնելու համար։ Չէ՞