Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/537

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրականը ատրճանակը թաքցրեց յուր գրպանում և լուռ մտիկ տվեց նրա երեսին։

— Ի՞նչ ես ուզում ինձանից,— կրկնեց Դիմաքսյանը,— ինչո՞ւ մտար այստեղ։ Դու ինձ հարկավոր չես, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛...

— Մի աղաչանք ունիմ,— խոսեց ծառան անվստահ ձայնով։

Նրա նշաձև աչքը փակվեց, իսկ կոլորակը մնաց անշարժ։ Դա նշան էր, որ նա մտադիր էր երկար խոսելու։

— Ասա՛ տեսնեմ, ինչ է աղաչանքդ,— ասաց Դիմաքսյանը, նստելով սեղանի մոտ։

— Աղա ջան, մայրս մեր գյուղում հեքիմ էր, անվանի հեքիմ։ Տարին տասներկու ամիս նա աղոթք էր անում, պաս էր պահում, շաբաթներով էլ ծոմ էր մնում, չունքի, օրհնյալ եղիցի կամք աստուծո, ընկնավոր էր... Բոլոր սրբերի անունով ջոկ-ջոկ աղոթքներ ուներ։ Մեղա քեզ, մեղա քեզ, չարը պատահելիս, տեսնում էիր ընկավ, բերանը փրփրեց, աչքերը բացվեցին, սկսեցին սադայելի հետ կռիվ անել։ Այդ ժամանակ սրբերը սկսում էին նրա բերանով խոսել... Մի անգամ, ժամաժամքին, մութը նոր ընկնելիս, լուսահոգին թոնրատան առաջ բռնվեց, ընկավ երեսը դեպի աղոթարան։ Ես տասը տարեկան էի, աչքովս տեսա։ Նա բերանը բաց արեց, ասաց. «Աղոթք արեք, տեսնում եմ քամբախտություն է գալիս, աղոթք արեք, ոչխար մորթեցեք, մոմ վառեցեք»... Չորս օր անցած, աղոթարանից բարձրացավ մի քամի, անձրև բռնեց։ Սկսվեց մի կարկուտ, տեր, դու ցույց չտաս, հատը հավի ձվի չափ։ Տասնուչորս գյուղերի հասած հունձքը կոտրեց, նստեցրեց, փչացրեց, սով ընկավ...

Դիմաքսյանը ակամա հետաքրքրվել էր այս պատմությունով և լսում էր ծառային, առանց ընդհատելու նրա խոսքը։ Նա գիտեր, որ Սիրականը անշուշտ մի նպատակով է այդ պատմում, և հենց այդ նպատակը իմանալու համար նա համբերությամբ ականջ էր դնում նրան։

— Շինականները մորս պաշտում էին, չունքի լուսահոգին սուրբ Գևորգի «ղուլն» էր։ Սուրբը նրա ձախ ոտի աջ ձեռի վրա մոր արգանդում նշաններ էր դրել, մեկը