ավելացնում էր. «Հինգ օրից հետո կուղարկեմ չորս հարյուր ռուբլի»։ Այս տողը ավելի գրգռեց Դիմաքսյանին։ Նրան ամենաքիչը երկու անգամ ավելի էր հարկավոր և դեռ համոզված էր, որ պահանջր շատ չափավոր է։
Նա ուզեց իսկույն հեռագրել Հաբիգյանին և պահանջեց, որ յուր պատվերը անհապաղ կատարի։ Բայց այդ տեսակ մի հեռագիր կարող էր գուցե վիրավորել նրա ընկերոջը։ Այնինչ նամակ գրելու համբերություն չուներ։ Առանց երկար մաածելու նա վճռեց հենց վաղն իսկ ճանապարհ ընկնել հայրենիք կարճ ժամանակով։
Առավոտը կանուխ զարթնելով, նա մի նամակ թողեց Մսերյանի անունով և անմիջապես ուղևորվեց։
Այս անգամ ճանապարհորդությունը նրա վրա բոլորովին ուրիշ տպավորություն ունեցավ։ Կար ժամանակ, երբ նա գրեթե ակամա էր դիմում դեպի յուր ծննդավայրը, իսկ այժմ շտապում էր որքան կարելի է շուտով հասնել այնտեղ։ Նա փափագում էր օր առաջ տեսնել յուր քույրերին, որոնց, կարծես, շատ տարիներ էր չէր տեսել։ Նրան թվում էր, որ այնտեղ, յուր արյունակիցների շրջանում միայն կարող է գեթ ժամանակավոր մխիթարություն գտնել և հանդիմանում էր իրան, թե ինչու այդ մասին առաջ չէր մտածել։
Հեռանալով այն քաղաքից, ուր նա յոթ տարի շարունակ անց էր կացրել փոթորկալից կյանք, զգում էր, որ յուր հետևում թողնում է մի տեսակ բեռն, որից բաժանվելը և՛ ցանկալի էր, և' դառն։ Նա հիշում էր յուր կրած վշտերը և, կարծես, մի ներքին ձայն շշնջում էր, թե այդ վշտերը կարող էին առաջանալ հենց այն մթնոլորտում միայն, որից հեռանում էր։
Նա ուզում էր հոգով անձնատուր լինել լայնատարած դաշտերի, անտառների և լեռների ազդեցությանը։ Եվ պատահում էին րոպեներ, երբ նա մոռանում էր ամեն ինչ և թարմանում գարնանային օդով արձակ բնության մեջ։ Բայց անցնում էին այդ րոպեները, նորից գրգռվում էին զսպված, խեղդված զգացումները և դարձյալ թվում էր նրան, թե այդ զգացումներից գուցե կարող է ազատվեք միայն յուր արյունակիցների շրջանում։ Եվ ահա ամեն փոստային կայարանում