էին տեղավորված։ Իսկ այնտեղ, դահլիճի խորքում, վարագույրների հովասուն ստվերի տակ, հպարտ կանգնած էր Նատալիայի ահագին դաշնամուրը, որի կափարիչի վրա անկանոն սփռված էին ոսկեկազմ նոտատետրերը: Այս ու այնտեղ շարված էին կոլորակ, սևագույն սեղաններ։ Մեկի վրա դրած էր այցետոմսերով լի չինական վազը։ Մյուսները ծանրաբեռնված էին թանկագին փնջամաններով, ալբոմներով և հարյուր տեսակի մանր֊մունր արդուզարդով։ Բացի կանթեղներից և պղնձե մոմակալներից, պատերի վրա քարշ արած էին մոտ տասը մեծադիր նկարներ, որոնց ոսկեզօծ շրջանակները ավելի թանկ արժեին, քան իրանց մեջ ամփոփվածը։
Տանտիրոջ հարստության և տանտիրուհու ճաշակի մասին գաղափար տվող այս դահլիճն էր, որի զարդը ֆրանսուհի գուվերնանտկան անճաշակ էր անվանել։
Նիկողայոսը հյուրերին առաջարկեց աբրիկանտ։ Հալաբյանր օրիորդ Մարիամին խնդրեց դաշնամուր նվազել։— Մի անտակտություն, որ կատաղեցրեց Սոփիոյին։ Տիկինը գաղտուկ նայեց Մարիամի երեսին, և նայեց այնպես, որ օրիորդը մերժեց Հալաբյանի խնդիրը։ Իշխան Սահարունին, Նատալիայի թևը առած, մոտեցրեց դաշնամուրին։
Նա հնչեցրեց Ժորժ Բիզեի երաժշտությունից մի կտոր, որ այն ժամանակ խիստ տարածված էր Թիֆլիսի ընտանիքներում։ Նրա խաղը գրավեց մի փոքր ժամանակ Հալաբյանի ուշադրությունը։
Տիկին Սոփիոն հանդարտ մոտեցավ, նստեց ամուրիի մոտ և սկսեց շշնջալ, թե որքան Նատալիան սիրում է մուզիկը, թե ինչպես նա դյուրին սովորում է ամեն մի նոր եղանակ, թե քանի-քանի մարդիկ գովել են նրա առանձին ձիրքը: Զարմանում են, որ նա բարեգործական նվագահանդեսներում չէ մասնակցում։ Հալաբյանը նույնպես գովեց, և այսպիսով անգիտակցաբար մեղմացրեց տիկնոջ ներքին ալեկոծությունը։ Նրա հայացքը մի անգամ ևս դարձավ Մարիամի կողմը։ Օրիորդը մի փոքր հեռու նստած լսում էր իշխան Սահարունիի զվարճախոսությունը։ Երբեք նա այնքան սիրուն, այնքան գրավիչ չէր երևացել Հալաբյանին։ Ամեն ինչ նրա կերպարանքի մեջ գրավիչ էր։ Եվ հեգ ամուրին