Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/587

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, որ դժբախտ էր համարում իրան առանց նրան։ Բայց նա այդ ուղղակի չասաց։ նա միայն խնդրում էր՝ ազատել իրան այժմյան պաշտոնից։

Առանց երկար տատանվելու՝ Դիմաքսյանը կարգադրեց Սիրականի վիճակը նրա ցանկության համեմատ։ Մսերյանը նրան յուր հետ կվերցնի, Հաբիգյանը կտա նրան մի պաշտոն առժամանակ։

— Այսինքն մինչև արտասահմանից վերադառնալս։ Հենց որ վերադարձա, իսկույն Մսերյանին կհեռագրեմ, որ քեզ ինձ մոտ ուղարկի։ Բայց ինչո՞ւ, նախ քան այստեղ գալը ես մտադիր եմ իմ հայրենիքը գնալ, այնտեղից մենք միասին կգանք այստեղ։

Դարձյալ ուրախության ժպիտը փայլեց Սիրականի թավամազ դեմքի վրա։ Այս անգամ արդեն նա իրան երջանիկ էր համարում։

Կառքը պատրաստ էր։ Սպասավորր Սիրականի օգնությամբ արկղները դուրս տարավ և տեղավորեց կառքի վրա։ Երկու ընկեր, ուրախ ու զվարթ խոսակցելով, դուրս եկան։ Չնայելով, որ օրը բավական անցել էր, փողոցում մարդիկ չէին երևում։ Միայն դանդաղ ընթացքով անցնում էին մի քանի սայլեր աղյուսով և կրով բեռնավորված և մի ոստիկան մայթի վրա կանգնած՝ դիտում էր հյուրանոցից դուրս եկողներին։

Դիմաքսյանը և Մսերյանը նստեցին կառք։ Սիրականը, գդակը ձեռին բռնած, մնաց մայթի վրա։ Դիմաքսյանը նրան ձեռով նշան արավ, որ կառք նստի։ Նա կամեցավ բարձրանալ կառապանի նստարանի վրա։

— Ոչ, այստեղ նստիր,— ասաց Դիմաքսյանը և, մի կողմ քաշելով յուր առջև դրած չեմոդանը, ցույց տվեց դիմացի փոքրիկ նստարանը,- մենք երկուսս էլ շատ փոքրիկ մարդիկ ենք կտեղավորվենք ամեն մի անկյունում։

Դա առաջին կատակն էր, որ նա արավ յուր մարմնի փոքրության մասին։ Եվ ոչ մի կեղծիք, ոչ մի ցավ, ոչ մի ափսոսանք չզգացվեց այդ կատակի մեջ։ Նա ուրախ էր և զգացված։ Նա անընդհատ խոսում էր, ծիծաղում և սրախոսում Սիրականի վերաբերմամբ։ Օօ՜, երբեք, երբեք խեղճ