Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սառնորեն,— Մարոն այդ մարդուն այնքան է հավանում, ինչքան ծիտը կատվին։

— Հավանում է, չի հավանում, — ասաց Սոփիոն գրգռված,— այդ իմ գործը չէ… քանի որ նա այս տանն է, իմ աղջկա բախտը կապ է ու կապ…

— Գիտե՞ս ինչ,— ընդհատեց Նիկողայոսը, սյուրտուկը հանելով,— եթե ուզում ես ճշմարիտն ասեմ, քո աղջիկ մարդու տալու այդ հոգսերդ ինձ մինչև այստեղ ձանձրացրել են, ա՛յ, մինչև այստեղ.— նա ձեռը դրեց կոկորդին։— Ես ավելի մեծ ցավ ունեմ, հասկանո՞ւմ ես։ Գնա՛, ինչ ուզում ես արա, գլուխս մի՛ ցավացնիլ։

Այս ասելով Նիկողայոսը պառկեց անկողնին յուր սովորական քունը վայելելու։

Իշխան Սահարունին, փողոցում հասնելով Հալաբյանին, հարցրեց.

— Այս երեկո կլուբում կտեսնվի՞նք։

— Ոչ:

— Ինչո՞ւ։

— Որովհետև ուզում եմ տանը մնալ։

— Հեր օրհնած, քեզ ի՞նչ է պատահել,— գոչեց զարմացած։— Մի շաբաթ է ոչ մի տեղ չես երևում, տխուր ես, հետդ խոսել չի լինում։ Այսօր էլ, կարծես, նորահարս լինեիր քրոջս տանը, ոչ կարգին ճաշեցիր, ոչ խմեցիր, ոչ խոսեցիր… փիե՜… Ե՛կ այս երեկո կլուբ, թե չէ լուր կտարածեմ, որ գժվել ես։

— Ինչ ուզում ես արա, միայն այս երեկո ինձ հանգիստ թող,— պատասխանեց Հալաբյանը թույլ ձայնով,— ես մի փոքր տկար եմ…

— Տկար ե՛ս… նո՛ւ, այդ տկարությունը մարմնավոր չի, ես այդ նկատում եմ…

— Ցտեսություն,— ընդհատեց Հալաբյանը և, շտապով սեղմելով յուր ընկերոջ աջը, արագ քայլերով հեռացավ:

Քանի մի վայրկյան իշխանը ապշած նայեց նրա հետևից և, գլուխը շարժելով, ասաց մտքում.

«Հըըմ, ուրեմն ես չեմ սխալվում, այդ մարդը սիրահարվել է, ո՞ւմ վրա… Իհարկե, Մարիամի։ Իհա՜ա, բուրդը