Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռուբենը ճաշը կիսատ թողեց, շտապեց յուր քրոջ մոտ։ Պատուհանի առաջ կանգնած, օրիորդը մտահույզ դեմքով նայում էր դեպի գավիթ։

— Մարո՛,— գոչեց եղբայրը և բռնեց նրա ձեռը։

Մարիամը մտքերից սթափվեց և հետ նայեց, ձեռով շփելով աչքերը։ Ռուբենը նրա կարմրած ալքերի մեջ նշմարեց արտասուքի թարմ հետքը։

— Դու լա՞ց ես եղել,— հարցրեց եղբայրը, ուղիղ նայելով նրա երեսին։

— Ոչ:

— Ինչո՞ւ չես ճաշում։

— Ախորժակ չունեմ։

— Մարո,— գոչեց Ռուբենը, բաց թողնելով քրոջ ձեռը և մի քայլ հետ դնելով,— դարձյալ ինձ խաբո՞ւմ ես։

Մարիամը խոր հոգոց հանեց կրծքից և ապա բռնելով եղբոր ձեռը, թախանձանքով ասաց.

— Եթե ինձ սիրում ես, այժմ ոչինչ մի հարցնիլ, ոչինչ: Գնա ճաշդ վերջացրու և իրիկնադեմին սպասիր ինձ սենյակումդ։ Այնտեղ կխոսենք։

Ռուբենը ոչինչ չասաց, և ասելու բան չուներ։ Նա գուշակեց, որ դարձյալ վիրավորել են յուր քրոջ սիրտը։ Բայց նա արդեն յուր անելիքը վճռել էր — պետք էր անշուշտ և անհապաղ դուրս գալ այդ տնից։

Արդեն հինգ օր էր, որ նա արտակարգ հոգնածության մեջ էր։ Արտասահման գնալու գաղափարը հետ մղեց յուր գլխում «առ ժամանակ»։ Տիկին Սոփիոյի պարզ արհամարհանքը, հորեղբոր անտարբեր վարմունքը, Մարիամի օրեցօր աճող թախիծը, այս բոլորը դրդում էին նրան՝ սեփական աշխատանքով ապրելու միջոցների մասին մտածել։

Միևնույն ժամանակ նա վճռեց յուր հոր թողած ժառանգության մասին վերջնապես բացատրություն խնդրել հորեղբորից: Արդյոք կա՞ մի բան, թե՞ ցնորք է այդ ժառանգությունը։ Մի՛ գուցե արդարև քույրը և ինքը ութ տարի շարունակ մի ավելորդ բեռն են եղել իրանց հորեղբոր ընտանիքի համար, նվաստ ձրիակերներ։ Ձրիակե՜ր... միայն հենց