Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

I

Թիֆլիսի ժողովարանի ամառային բնակարանում ընտանեկան երեկույթ էր։ Ուղիղ տասը ժամին, երբ այգին կիսով չափ լցվել էր երկու սեռի հանդիսականներով, ընդարձակ ճեմելիի ծայրում երևեցավ ամբողջ քաղաքին հայտնի Միքայել Հալաբյանը։

Նախ քան առաջ գալը, նա քանի մի վայրկյան կանգնեց դալար պատատուկով վարագուրված վանդակապատի մոտ, կուրծքը դուրս ցցեց, նայեց զբոսնող հասարակությանը։ Հետո նա աջ ձեռով ուղղեց սպիտակ մետաքսյա փողկապը, որի վրա պսպղում էր ադամանդյա խոշոր գնդասեղը, հարթեց ձյան պես ճերմակ ժիլետը, որի վրա փայլում էր ոսկե ժամացույցի բարակ ոսկե շղթան, շփեց a la Բուլանժե խուզած միրուքը և, գլուխը բարձր պահած, ծանր, հանդարտ և, կարծես, ակամա քայլերով առաջ ընթացավ։

Նա հասավ այգու միակ ավազանին, ուր ուղիղ գծով դեպի վեր խփող շատրվանից, մանր անձրևի պես, թափվում էր հստակ ջուրը։ Նա կանգնեց, մտիկ արավ շատրվանին, մտիկ արավ ջրի շողափայլ շիղերին, ավազանի մեջ սև ստվերների նման լող տվող ձկներին, գլուխը թախծությամբ շարժեց և երեսը հետ դարձրեց։ Երբեմն նա աջ կամ ձախ ուսի վրայով նայում էր անցուդարձողներին և պատասխանում յուր ծանոթների բարևներին, հազիվ արժանի համարելով շարժել սևագույն, ամուր գլխարկի եզրը։