Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 2.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եղանակով,— ի՞նչ հարկավոր է այդ մասին խոսել, դու ձանձրացնում ես բժշկին։

— Ընդհակառակը, Ռուբենի վիճակը որքան ձեզ, գուցե ավելի հետաքրքրում է և՜ ինձ։ Ճշմարիտն ասա,— դարձավ բժիշկը համառությամբ յուր ընկերոջը,— կատա՞կ ես անում, թե՞ իրավ վճռել ես առանձին ապրել։

— Առայժմ ասածովս բավականացիր,— պատասխանեց Ռուբենը Մարիամի հանդիմանական հայացքից ստիպված, հարկավոր համարելով զսպել յուր լեզուն,— մանրամասնությունները հետո։ Վաղը ես կհայտնեմ քեզ մեր նոր բնակարանի տեղը։

Բժիշկը այլևս անքաղաքավարություն համարեց յուր հարցուփորձը շարունակել։ Նա վճռեց փոխել խոսակցությունը։

— Երևակայեցքեք իմ դրությունը,— ասաց նա Մարիամին, կարծես, հանկարծ մի բան մտաբերելով,— փողոցում պատահեցինք, Ռուբենը ուժով ինձ բերեց յուր մոտ, ես կամենում էի վաղը գալ և ձեր հորեղբոր ընտանիքն էլ տեսնել։ Այժմ, եթե տիկին Սոփիոն իմանա, որ ես եկել եմ այստեղ գողնովի և առանց իրան տեսնելու դուրս եկել, չի՞ նեղանալ ինձանից։

— Տիկին Սոփիոն տանը չէ։

— Իսկ օրիորդ Նատալիա՞ն։

— Ոչ ոք չկա տանը:

— Նու, այդ լավ է։ Խնդրեմ չհայտնեք նրանց, որ ես այստեղ էի։ Բայց ինչ եմ հոգս անում, երևի, նրանք ինձ մոռացել են, տեսնեն, չեն էլ ճանաչիլ,— ավելացրեց Մելիք-Բարսեղյանը այն ձևով, որ երևում էր, թե Սադափյանների ծանոթությունը մի առանձին նշանակություն ունի նրա համար։

Քառորդ ժամ անցած նա դուրս եկավ սաստիկ մտատանջության մեջ։ Ռուբենի խոսքերը յուր դրության փոփոխման մասին ազդել էին երիտասարդ բժշկի վրա ավելի, քան կարող էր երևակայել առաջինը։

— Ահա բախտավոր մարդ,— դարձավ Ռուբենը քրոջը, բժշկի դուրս գնալուց հետո, մանկական և պատանեկան