Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Խոսքս մեծ որդու մասին է,— հառաչեց Սրաֆիոն Գասպարիչը, գլուխը տխրորեն շարժելով։

— Մեծ որդո՜ւն. Սմբատի՞ն,— հարցրին շրջապատողները, ավելի ու ավելի մոտենալով ծերունուն և իրարու հրելով։

— Այո՛, Սմբատին,— պատասխանեց Սրաֆիոն Գասպարիչը։— պիտի գա, րոպե առ րոպե սպասում ենք նրան: Մարդը մի շաբաթ առաջ նրա անունը լսելիս դեմքը թթվեցնում էր, հիմա հոգին չի տալիս չտեսած։

— Հեռագրե՞լ եք։

— Իհարկե։ Այսօր սպասում ենք։ Գնացքը ո՞ր ժամին է գալիս Մոսկվայից։

— Հինգ ժամին քառասուն րոպե անցած․․․

— Վեց ժամին հինգ րոպե է մնում, հիմա եկած պիտի լինի,— ասաց ծերուհին, նայելով իր ծոցի ժամացույցին և խումբը ճեղքելով, մոտեցավ լուսամուտներից մեկին:

Բոլորը հետևեցին նրան, միշտ իրարու հրելով ու իրարու առաջելով։

— Գալիս է,— գոչեց մեկը, որ ամենից թեթևաշարժը լինելով, ամենից արագ էր մոտեցել լուսամուտին։

Սրաֆիոն Գասպարիչը շտապեց նախասենյակ։ Մի քանի րոպե անցած վերադարձավ՝ հասակով իրենից մի փոքր ցած, առողջակազմ մի երիտասարդ տղամարդու հետ։ Բոլորը ճանապարհ տվեցին նորեկին, աջ ու ձախ բաժանվելով երկու շարքերի և շտապելով իրենց դեմքերին տալ ավելի տխուր արտահայտություն։ Նորեկը, վերցնելով իր հարդե նեղ եզրերով գլխարկը, բարևեց աջ ու ձախ, քաղաքավարի, բայց շատ սառը և շտապ քայլերով գնաց հիվանդի ննջարանը։ Ներկա եղողները նորից մերձեցան իրար՝ միանգամից փոխելով իրենց դեմքերի տխուր արտահայտությունը մի տեսակ արհամարհականի։

Մահամերձի մահճակալը գրված էր պատի տակ, լուսամուտի առջև։ Մի կողմում կանգնած էր մեռնողի կինն աղջկա հետ, մյուս կողմում՝ որդիները։ ԻՆքը մահամերձը նստած էր անկողնի մեջ, հենված փափուկ բարձերին, ծնկները մետաքսե վերմակով ծածկած, ուսերն ու կուրծքը կիսով