անգամ համբուրեց Քյազիմ-բեգին և դուրս թռավ, երգելով ու պարելով։
— Միքայե՛լ, կշտացա՞ր, թե՞ չէ,— դիմեց Սմբատը եղբորը։
— Ֆինալը դեռ մնում է։
Օրը բոլորովին լուսացել էր, թեև արեգակը դեռ չէր երևում։
Հյուրերը սազանդարների հետ դուրս եկան փողոց։
Այժմ նրանց պարագլուխը Մոսիկոն էր։ Զարմանալի էր այդ մարդու բնույթը, որքան մյուսները խմելով հարբում էին, թուլանում էին, այնքան նա, ընդհակառակը, արթնանում էր ու թարմանում։ Այժմ նա անճանաչելի էր. խոսում էր ամենից ավելի, երգում է, գոռում, թռչկոտում։
Եղանակը հանդարտ էր և ոչ ցուրտ։ Ծովի հայելանման մակերեսն անդրադարձնում էր երկնքի մուգ կապտագույն կամարը։ Դեպի ձախ փայլում էին «Սև» ու «Սպիտակ» կոչված քաղաքիկների բյուրավոր էլեկտրական լամպարները, ինչպես խոշոր ադամանդներ, հետզհետե աղոտանալով բնության լույսից։ Հարյուրավոր գործարանների ծուխն ուղիղ գծով բարձրանալով երկնակամարը — երկինքը, սքողել էր սև շղարշով։ Դեպի աջ երևում էր Բաիլով կոչված թերակղզին` իր ծովային զորանոցներով և գողտրիկ եկեղեցիով, որի սոխաձև գմբեթները երկնակամարի վրա նկարվել էին որպես միգային աշտարակներ, որոնք, կարծես, լուռ խորհրդակցության մեջ էին արարչի հետ։ Այնտեղ ավելի հեռու, լեռան հետևից ցցվել էին նավթային բուրգերի սուր գագաթները։
Փողոցներում արդեն անցնում էին մշակներն ու արհեստավորները, շտապելով գործի — որը տխուր ու գլխակոր, որը զվարթ` երգելով։ Լսվում էին գործարանների շոգեշունչ շվիների սուլոցները, խուլ` որպես առյուծի բառաչյուն, սուր` որպես օձի ֆշշոցը։ Եվ շոգին, դուրս գալով ծորակներից, քանի մի վայրկյան փայլում էր օդի մեջ ալեբաստրի գույնով ու չքանում։ Հեռու հորիզոնում այրվում էր ինչ-որ գործարան և կատաղի բոցերը ճեղքում էին սև ծխերի թանձրությունը։