— Դու օրվա այս միջոցին ի՞նչ գործ ունես այստեղ։
— Իսկ դո՞ւ ինչ գործ ունես,— հանդգնեց պատանին, թևն ազատելով եղբոր ձեռից։
— Հա՛, ուրեմն դո՞ւ էլ ես սկսել։
— Ինչպես և դու։ Տարբերությունը մեր մեջ այն է, որ ես ժամանակին եմ սկսել, իսկ դու ուշացել ես։
Պատանու հանդուգն պատասխանը կատաղեցնելով հանդերձ, շփոթեցրեց Սմբատին։
— Կորի՛ր տուն,— գոռաց նա։
— Քո բանը չէ։ Չկարծես թե քեզանից էի փախչում, դու ո՞վ ես, դու ի՞նչ իրավունք ունես ինձ վրա։ Իմ մեծը Միքայելն է... ես նրանից էի փախչում։
Սմբատի ձեռները թուլացան, բաց թողին պատանուն։ Ահա ի՜նչ, ասել է Մարութխանյանը այդ տղային էլ է շեղել ճանապարհից և լարել իմ դեմ...
Արշակը վազեց, միացավ ընկերներին և անցավ լողարան։ Ամբողջ գիշեր զվարճացել էր, հարբել, արթնացել և այժմ գնում էր ծովային ջրերի մեջ թարմանալու։
Միքայելի խումբը վճռեց զբոսնել ծովի վրա` նույնպես թարմանալու համար։ Վարձեցին ներկած երկու գույնզգույն մակույկներ և նստեցին սազանդարների հետ։ Հակառակ խմբի թախանձանքին, Սմբատը մնաց ծովափում` մի կապարային ծանրություն սրտի վրա։ Արդյոք, բարվոք չէ՞ր լինի, եթե նա ևս իր պատանեկությունն ու երիտասարդությունը վարեր այնպես, ինչպես այդ մարդիկ։ Այն ժամանակ թերևս չգործեր անուղղելի սխալը։ Նրանք չունեն բարոյական սկզբունքներ, բայց միշտ կարող են շտկել իրենց. մոլորված են, բայց ժամանակ ու միջոց ունեն ճանապարհի գալու։ Մինչ ի՞նքը... Ահ, երանի մնար ծնողների թևերի տակ, թերուս, նույնիսկ տգետ, քան օտար երկրում հանդիպեր այն էակին, որին իբրև թե սիրեց և որին այժմ ատում է, որից իբրև թե սիրված էր, և որն այժմ ատում է նրան իր հոգու ամբողջ զորությամբ։
«Այո՛, ամբողջ զորությամբ»,— կրկնեց նա մտքում,— այս իր խոսքերն են, որ կրկնում է ամեն օր։