Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրիշը և, ցույց տալով մի խծբծանք, ասաց, բոլորը նրան խորհուրդ են տալիս գնալ մայրաքաղաք՝ նկարչական ձիրքը մշակելու։ Եկան և գալիս էին տիրացուներ, գաղթական քահանաներ, աղքատ աշակերտներ, և բոլորը նպաստ էին խնդրում։ Հասավ այն տեղը, որ Սմբատը հրամայեց սպասավորին՝ այլևս ոչ ոքի չընդունել տանը։ Այն ժամանակ արշավանքն ուղղվեց դեպի գրասենյակ։ Զարգարյանը բարկացած ամենին վռնդում էր։ Այնուհետև մուրացկաններն սկսեցին հալածել Սմբատին փողոցում, կլուբում, խանութներ մտնելիս և ամեն տեղ, ուր երևում էր։

Հերթը հասավ թղթակից Մարզպետունուն։ Հազիվ, երկար հետևումներից հետո, հարմար րոպե գտավ և Ալիմյանին մենակ բռնեց գրասենյակում։ Նրա բախտից հաշվապահ Զարգարյանն էլ այնտեղ չէր, գնացել էր բանկից փող բերելու։

Մարզպետունին սկսեց հեռվից։ Մի ժամանակ հայերը կարծում էին, թե ազգը պահպանվում է կրոնով։ Եվրոպական քաղաքականության «համասփյուռ ճառագայթները տարածվեցին և մեր վրա»։ Այժմ ազգին հարկավոր են, իհարկե, ոչ միայն ավետարան ու շարական, այլև գիտություն, արվեստ, մանավանդ գրականություն։

Խոսելով այս ուղղությամբ, Մարզպետունին կամացուկ շոշափեց խնդրի նուրբ կողմը։ Հայտնվեց, որ մի գիրք է շարադրել և փող չունի հրապարակելու։ Եթե մի լուսամիտ մեկենաս դուրս գար, չի ասում նվեր,— ո՛չ, ո՛չ, Մարզպետունին նվեր վերցնողներից չէ — այլ պարտք տար, յուր «համեստ երկը» կձգեր մայրենի աղքատիկ գրականության գանձարանը։ «Պատահաբար» ձեռագիրն էլ մոտն էր, հանեց, սեղանի վրա դրեց։ Վերնագիրն էր «Մահացյալ անմահներ»։ Խոսքը հինգերորդ դարի «փայլուն աստղերի» մասին է։ Եթե հեղինակն աջողություն գտնի, պիտի անցնի մեր ժամանակներին, որովհետև «այժմ էլ կան անմահներ»։

Հակառակի պես հենց այս շահագրգիռ րոպեին ներս մտավ Զարգարյանը և մի կապոց թղթադրամ դրեց Սմբատի առջև։ Մարզպետունին գիտեր, որ հաշվապահն իրեն չի սիրում։ Նայեց փողերին ու փողկապն ուղղեց։