Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար և բավական լավ կահավորված։ Այսօր օրիորդը մազերը սանրել էր առանձին խնամքով, հագել էր միակ տոնային մեխակագույն ասվյա կտորից հագուստը։ Այսօր նրա ծննդյան օրն էր, լրանում էր քսաներկու տարին, մի օր, որ իսկապես նրա համար մինչև այժմ ոչնչով չէր տարբերվել տարվա մյուս օրերից. աղքատ ընտանիքը սովոր չէր տոնել իր անդամների ծննդյան օրը։ Եվ միայն անդամալույծը, հիշելով երջանիկ անցյալը, առավոտը պահանջեց, որ օրվա առիթով Շուշանիկը նրա համար կարկանդակ պատրաստի, մի պահանջ, որ աղջիկը կատարեց հաճույքով։

Սմբատը, գլուխը թղթին թեքած, նկարելով, Զարգարյանին բացատրություններ տալով, երբեմն գրեթե ակամա նայում էր վեր, օրիորդին և նկատում, որ օրիորդն էլ իրեն է նայում։ Զգում էր, որ Շուշանիկը հետաքրքրվում է իր բացատրած ծրագրով, և այս ավելի էր ոգևորում նրան։ Միևնույն ժամանակ, մտքում ինքն իր դեմ չարանում էր, որ օրիորդի հետաքրքրվելն իրեն զբաղեցնում է։

Նա միշտ այն համոզմունքին էր եղել, որ հայ կինը երբեք ընդունակ չէ առօրյա մանր, անձնական շահերից բարձրանալ։ Եվ ուսանողական շրջաններում միշտ եղել էր հայ կնոջ կատաղի հակառակորդը։ Հենց այս համոզմունքն էր գլխավորապես դրդել նրան իր իդեալը որոնելու օտար շրջաններում։ Այժմ նրան թվում էր, որ մի անհայտ համեստ աղջկա մեջ հանդիպում է հակառակը։ Իսկապես նա ոչ մի առիթ չուներ այդ աղջկան որևէ բանով իր շրջանի էակներից բարձր համարելու, քանի որ տակավին հետը մոտիկ ծանոթ չէր։ Բայց մի ներքին ձայն թելադրում էր, թե նրա մեջ կարող է գտնել այն, ինչ որ իր նախկին համոզմունքով զուր կլիներ որոնել ուրիշ ազդի կանանց մեջ։

— Ինձ թվում է,— ընդհատեց վերջապես Զարգարյանը Սմբատի ընդարձակ ծրագրի բացատրությունը,— որ եթե ձեր բոլոր ասածները բանվորների համար իրագործենք, կարժանանաք հարևան հանքատերերի թշնամությանը։

— Ինչո՞ւ։

— Իհարկե, այդքան բարի՜ք — բաղնիս, այգի,