ի՞նչ աներեսն եք»։ Եվ ուրիշ ոչինչ։ Բայց մտածում էր․ այո՛, հայ կինը լուռ ու մունջ դիմանում է մարդու անառակություններին, բայց նա՛ էլ հողային էակ է, նա՛ էլ սիրտ ունի, արյուն ունի։ Նա էլ կարող է մի օր դուրս գալ համբերությունից։
Եվ չէր վիրավորվում Միքայելի կրքոտ հայացքներից։ Ընդհակառակը, այդ հայացքները խորին հաճույք էին պատճառում նրան։ Միքայելը հազիվ զսպում էր իրեն։ Ներսում եռացող կիրքն այրում էր նրան և դրդում դեն ձգել միանգամից մանկական անվստահությունը։ Զգում էր անդիմադրելի փափագ՝ հարձակվել տիկնոջ վրա, գրկել այդ գիրուկ իրանը, փաթաթվել այդ վավաշոտ պարանոցին, ինչպես արեգակից տաքացած օձ, և մի երկարատև բոցավառ համբույր դրոշմել այդ թեթևակի շառագունած այտերին։
Տիկինը մատների մեջ խաղացնում էր մի ոսկե ապարանջան, որ հանել էր սպիտակ, փափուկ բազկից։ Մի անգամ, Միքայելի աչքերին նայելիս, ձեռները թուլացան, ապարանջանն ընկավ ծնկների վրա, սահեց սև մետաքսյա շրջազգեստի վրայով և անհայտացավ մի ակնթարթ փայլերով։
Միքայելն արագ թեքվեց ցած, Անուշը նույնպես, հետ մղելով իր բազկաթոռը։ Մինչ նրանք գորգի վրա որոնում էին ապարանջանը, արեգակի շողերը լուսամուտի ապակիների միջով ընկել էին Միքայելի գլխին ու Անուշի պարանոցին։ Տիկինը մարմնի մեջ զգաց վերին աստիճանի գրգռեցուցիչ ջերմ։ Նրա մազերի ծայրերը շփվում էին Միքայելի ճակատին — այնքա՜ն գլուխները մոտիկ էին միմյանց, այտերի վրա զգում էր երիտասարդի կրքոտ շունչը։ Այնինչ, Միքայելն այրվում էր ոտից մինչև գլուխ ավելի սաստիկ, քան այն գիշեր օպերետային դերասանուհու մոտ՝ թևը-թևին սեղմելիս։ Չգիտեր այժմ ինչո՛ւ է թեքվել, ի՛նչ է որոնում։ Նայում էր գաղտուկ տիկնոջ ուռուցիկ կրծքին, սպիտակ երկծալ կոկորդին և շրթունքները կրծոտում։ Աչքերը վառվել էին, ուղեղը մթագնել էր, որպես տենդային տաքության մեջ։ Մի վայրկյան ևս, և գուցե չզսպեր իրեն,