Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոտից մինչև գլուխ թաթախված սև հեղուկի մեջ, կիսամերկ, մռայլ, որպես վայել էր սև աշխարհի բնակիչներին:

Մի երկհարկանի տան ընդարձակ պատշգամբի վրա ժողովվել էին քաղաքի հայտնի հայ գործարանատերերը, հանքատերերը, խանութպանները, տոկոսառուները և ինժեներները։

Նորին սրբազանությունը չէր երևում։ Հյուրերը նրան էին սպասում, որ սեղան նստեն։ Այստեղ էր և Միքայելը՝ իր բոլոր ընկերների հետ։ Մարութխանյանը ոչինչ չէր խնայել ճաշը կարելիին չափ բազմամարդ և շքեղ դարձնելու։ Նա հրավիրել էր նույնիսկ թղթակից Մարզպետունուն այն մտքով, որ ճաշի նկարագրությունը տպվի լրագրում։

Այստեղ էր նաև Պետրոս Ղուլամյանը։ Միքայելն անվրդով մոտեցավ նրան, սեղմեց ձեռը, հարցրեց առողջության, ընտանիքի և գործերի մասին։ Պետրոսը հաճույքից հալվում էր, որ միլիոնատերի որդին այնքան ուշադիր է դեպի մի հասարակ խանութպան։ Բայց որովհետև ավելի գործնական էր, քան փառասեր, ուստի դարձյալ ակնարկեց նավթային հողի մասին։ Եվ Միքայելն այս անգամ խոստացավ Սմբատի նոր գնած գետնից մի կտոր էժան գնով տալ նրան։ Խանութպանի աչքերը փայլեցին շահամոլության կրքից։

Նորին սրբազանությունը ժամանեց։ Հյուրերը հրավիրվեցին նստել սեղանի քով, որ երկու շար բացված էր մի ընդարձակ դահլիճում։ Սեղանապետ ընտրվեց Սրաֆիոն Գասպարիչը, որը հագել էր նոր մունդիր, երեսը նոր սափրել տվել, և բեղերը սանրել առանձին խնամքով։

Միքայելն իր ընկերների հետ բռնեց սեղանի վերջին անկյունը։ Այստեղ նրանք կարող էին ազատ խոսել, ծիծաղել, զվարճանալ։ Միայն Պապաշան թույլ չտվեց իրեն նրանց միանալ և իբրև ամենահարուստ ու ամենապատվավոր հյուր, տանտիրոջ առաջարկությամբ, նստեց սրբազանի մոտ։ Այսօր նա տրամադրված էր շատ լուրջ։ Շրջանը նեղ ընկերական չէր, այլ հասարակական, իսկ նա ամբողջ քաղաքում հռչակված էր ազգասեր, բարերար և հասարակական շահերի անկեղծ նախանձախնդիր... Երբ