Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն ստիպված է երեկոները տասը ժամից հավի պես տանը թառ լինել։ Իսկ Մոսիկոն համոզում էր նրանց երեկոյան «մի թեթև վերտուշկա» սարքել։

Սրբազանը նստեց տեղը, քրտինքը սրբելով։

Դարձյալ քանի մի ընդհանուր կամ պաշտոնական կենացներ, և սեղանը տաքացավ։ Հերթը հասավ ազատամիտ Տեր-Աշոտին և պահպանողական Տեր-Սիմոնին, որոնք միմյանց ջգրու առաջարկում էին իրենց հարուստ ծխականների կենացները։

Մարզպետունին սաստիկ չարացել էր մտքում։ Ոչ ոք չէր առաջարկում մամուլի կենացը։ Այնինչ, նա արդեն մտքում շարադրել էր այս մասին ատենաբանություն, որ պիտի ասեր իբրև մամուլի ներկայացուցիչ։

Շշնջյուն տարածվեց, թե Պապաշան մտադիր է սեղանի տաք միջոցին ստորագրություն բանալ էջմիածնի օգտին։

Արդարև շատ չքաշեց, նա ոտքի կանգնեց և սկսեց ատենաբանել։ Խոսքերը քանի գնում ուժով էին դուրս գալիս կոկորդից․ մերթ նայում էր բաժակին, մերթ սրբազանի վեղարին, մերթ փողկապն ուղղում։ Ճառի միտքը հասկանալի էր․ստորագրության թերթը դրած է սենյակի անկյունում, կլոր սեղանի վրա։ Ցանկացողները թող մոտենան և ստորագրեն։

— Ուրիշների փողերով ազգասիրություն է անում,— շշնջացին մի քանիսը։ Ոմանք կամացուկ դուրս սլկվեցին։ Նույնը կփափագեր անել և Մարութխանյանը, բայց ո՞ւր փախչեր իր տնից։

— Հարուստները չեն գալիս, զոռդ ի՞նձ է պատում,— ասաց նա Պապաշային, ակնարկելով Սմբատ Ալիմյանին, որ ներկա չէր ճաշին։

Մարզպետունին միանգամայն կատաղեց, երբ հայտնվեց, թե մի քանի րոպեում ստորագրվեց մի քանի հազար ռուբլի։ Ինչո՞ւ միշտ էջմիածնին։ Պետք է վերջ տալ այդ «մուրացկանությանը»։ Եվ նա հուշատետրը ծոցից հանեց։ Այդ միջոցին խորամանկ Պապաշան ինչ-որ շշնջաց նրա ականջին, և նա հուշատետրը ծոցը դրեց։

Ստորագրաթերթը հանձնեցին սրբազանին, որ և