Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գնա, որդի, գնա բեր, ես քար չեմ,— ասաց այրին, աշխատելով ուրախ ձևանալ։

— Շնորհակալ եմ,— արտասանեց Սմբատը և համբուրեց նրա դալուկ ձեռը...

Կայարանում արդեն հավաքվել էր մի մեծ բազմություն, երբ Սմբատը հասավ այնտեղ։ Մի խումբ ծանոթներ դիմավորեցին նրան խոնարհ բարևելով։ Երբ իմացան, որ եկել է ընտանիքին դիմավորելու, շնորհավորեցին։ Եվ նա զգաց շատերի կեղծիքը։ Այդ մարդիկ հետևից հազար ու մի բան էին ասում նրա ամուսնության մասին — այս նա գիտեր, իսկ առերես շնորհավորում էին։ Նա շտապեց հեռանալ խմբից։

Օրը բավական սառն էր, հյուսիսային քամին երկնքի ծխագույն թանձր ամպերը հալածում էր դեպի հարավ։ Ծովն ալեկոծվում էր, և նրա աղի ալիքները Սմբատի միտքը տանում էին դեպի հեռավոր հորիզոն, որ թաղված էր մշուշի մեջ։ Սիրտն սկսեց նորից բաբախել, երբ մտածեց, որ նավը կարող է փոթորկի ենթարկված լինի։ Գիշերվա անքնությունից նյարդերը հոգնել էին։ Նա պատրաստ էր լաց լինել ինչպես երեխա, այնքան սիրտը լցվել էր։

Հորիզոնի վրա մշուշի մեջ նկարվեց հազիվ նշմարելի մի կիսակամար։ Դա շոգենավի նավթային ծուխն էր, որ ծխնելույզից դուրս գալով, կազմում էր կիսաշրջան և հետո տարածվում ծովի մակերևույթի վրա։ Կեսժամ ևս, և Սմբատը պիտի գտնվեր սիրո և սառնության միջև։ Նա անհանգիստ անցուդարձ էր անում, աշխատելով խույս տալ ծանոթներից։ Նրան թվում էր, որ բոլորն իրենց մտքում ծաղրում են կամ ցավակցում։

Վերջապես շոգենավը երևաց ծովի ալեկոծվող մակերևույթի վրա։ Լսվեց շոգեշվիկի հեռավոր թույլ ձայնը, որ խեղդվում էր ալիքների մռնչյունի մեջ։ Ծովային բանվորներն սկսեցին շտապով բաց անել կայարանի սյուներին փաթաթված հաստ պարանները, պատրաստվելով ընդունել մոտեցող նավին։ Քամին ալիքները մղում էր և ուժգին զարկում նավի երկաթե կողերին, դանդաղեցնելով նրա ընթացքը