գեղեցիկ աչքերով, նորից գրկեց և սեղմեց կրծքին, այս անգամ արդեն ոչ բռնազբոսիկ։
— Հոգնած են, գիշերը չեն քնել,— ասաց հարսը։
Եվ կամացուկ ազատեց երեխաներին այրիի գրկից Սմբատը նայեց մոր երեսին և զգաց, որ նա չափազանց վիրավորվեց:
Այդ վայրկյանից դրվեց հարս ու սկեսուրի ապագա հարաբերությունների հիմքը։ Նրանք ատեցին միմյանց, հենց առաջին հայացքից։
XIV
Երբեք Պետրոս Ղուլամյանը չէր մտածել, թե այն, ինչ որ ինքն է անում, կարող է անել և՛ իր կինը։ Նա այն համոզմունքի էր, թե Անուշը բնավ չի հանդգնիլ մարդուն վրեժխնդիր լինել իր պատվի գնով։ Սիրուհիներ պահելը, մտածում էր նա, մեր ժամանակում նոր բան չի փող ունեցողի համար։ Կանայք այս պատճառով իրենց ամուսինների օրն այլևս չեն սևացնում։ Եթե աշխարհ չտեսած արհեստավորները երբեմն դավաճանում են իրենց կանանց, ո՞ւր մնաց մի վաճառական, որ տարենը երկու անգամ Մոսկվա է գնում և աչքով տեսնում, ինչպես են ապրում լուսավորված մարդիկ։
Բայց Անուշի երկարատև սառնությունը մի օր, վերջապես, կասկած ձգեց նրա սիրտը։ Այդ կինը, չնայելով, որ ամիսներով Պետրոսի քաղցր խոսքին չի արժանանում, վերջին ժամանակ, կարծես կյանքից գոհ է ավելի, քան երբևէ։ Զուգվում է, զարդարվում, հետևում արտաքինին այնպես, որպես երբեք չի հետևել և... երիտասարդանում։ Օ՜օ, ինչ հիմարն է Պետրոսը, ինչո՞ւ մինչև այժմ ուշ չի դարձրել այս հանգամանքի վրա։ Կասկածը քանի գնում նրա մեջ զորանում էր։ Իսկ այն գիշերից, երբ Անուշն այնպես խիստ հրեց նրան իրենից և փախավ մյուս սենյակ, այլևս զգաց պահանջ իր դրությունն ստուգելու։ Մի օր սովորական ժամանակից վաղ տուն եկավ։ Ալիմյանը կես ժամ առաջ էր