այս երեկո նա լավ է տրամադրված։ Նա քայլում է արագ-արագ, փորը դուրս ցցած, գլուխը բարձր պահած, մի ձեռով խաղալով ժամացույցի ոսկե շղթայի հետ։
— Շատ ըըը, նադինջն է,— արտասանեց Պապաշան, որ միշտ վախենում էր Գրիշայից։ Տեսնելով Միքայելին, Գրիշան մի վայրկյան կանգ առավ, կարծես, տատանվելով մոտենալ խմբին։ Մի հանգամանք, որ Միքայելի աչքերից խույս չտվեց։ Խումբը մոտեցավ, շրջապատեց Գրիշային, և սկսեցին սովորական կատակները։ Պապաշան փորձեց կամացուկ դուրս սլկվել։
— Ո՞ւր, ո՞ւր,— ասաց իրավաբան Փեյքարյանը, գրկելով պատկառելի ամուրիին։
— Թողեք գնա, նոր վիշկա է դրել,— ծիծաղեց Մելքոնը։
— Քանի՞սն ունես, Պապաշա,— ասաց Քյազիմ-բեգը,— Շամախու ճանապարհի վրա, հին քաղաքում, թուրքերի թաղում, Բաիլովում, ծովի ափում...
— Հարամզադան Մարոկկոյի սուլթանն է,— նկատեց Մոսիկոն, կոնյակից հետո, կրծոտելով թթու դրած վարունգը։ Պապաշան ժպտում էր․ հաճելի էր նրա սրտին երիտասարդ ընկերների անուշ կատակը։
— Պարոններ,— գոչեց Գրիշան, որի դեմքն այդ պահին միանգամայն փոխվել էր,— այստեղ մի անպիտան մարդ կա, որին պիտի դուրս գցել մեր միջից։
Նա մոտեցավ Միքայելին և, փորը դուրս ցցելով, կանգնեց նրա դեմ և բարձր ձայնով գոչեց․
— Անազնիվ, գող, ավազակ, ստոր, խաբեբա։
Եվ թույլ չտալով հակառակորդին սթափվելու, բոլոր ուժով ապտակեց նրան։
Տիրեց ընդհանուր ապշություն։ Մի քանիսը բռնեցին Գրիշայի թևերը։ Հարված կրողն ապտակի թափից պտույտ եկավ, թեքվեց մինչև հատակ, հազիվ կարողանալով ոտքի վրա մնալ։ Հարվածն այնքան զորեղ էր, որ երբ Միքայելն ուշքի եկավ, արդեն իրեն տեսավ շրջապատողների գրկում ամուր սեղմված։ Սեղանատանը գտնվող բոլոր սպասավորները